Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործով հարցաքննվեց վկա Լիլիա Պետրոսյանը: Նա կաշառք է տվել Անգին Ղուկասյանին:
Հիշեցնենք՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ Միսակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ:
Վկան տեղեկացրեց, որ իր եղբոր որդուն աշխատանքի տեղավորելու համար Անգին Ղուկասյանին կաշառք է տվել. «Անգին Ղուկասյանի հետ զրուցել եմ, առաջին օրը գումար չկար մոտս, հաջորդ օրը պետք էր գար, ասած, որ գործ անելու համար որոշակի գումար ա պետք Լիանա ջան, հազար ամերիկյան դոլար է պետք, այդ գումարը իմը չի, ասաց, Միսակ Մարտիրոսյանինն է»:
Կաշառքը տալուց հետո վկայի եղբոր որդու աշխատանքի նշանակման գործընթացը ձգձգվել է. «Երբ որ Անգինին հանեցին, ես հետաքրքրվեցի, թե ինչ եղավ: Նա ասաց, որ պարոն Մարտիրոսյանը տեղյակ է, ես ասել եմ»:
Ամբաստանյալներից մեկի պաշտպանը հետաքրքրվեց, թե ինչքան աշխատավարձ է ստացել վկան, վերջինս պատասխանեց, որին ի պատասխան դատավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ առնչություն ունի այս հարցը գործի հետ, պաշտպանը զայրացած ասաց. «Թող ասի, որ իմանանք՝ ո՞նց ա էտ 1000 դոլարը հավաքել ու տվել որպես կաշառք»,- այնուհետև դատավորը կատակեց. «Կարող ա հարկային էլ հարցում անենք»:
Վկայի ցուցմունքի մասով առարկություններ ուներ Անգին Ղուկասյանի պաշտպանը, ով նշեց, որ հակասություններ կան ցուցմունքի և հարցաքննության մեջ, նա միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել: Այս պահին հրապարակվում են ցուցմունքները:
Անգին Ղուկասյանը հարցաքննվել է 2012թ. սեպտեմբերի 14-ին: Հրապարակումից հետո պաշտպանը մի քանի հարց տվեց վկային: Ցուցմունքի հրապարակման ընթացքում տեղից հարցեր էր տալիս Միսակ Մարտիրոսյանը, դատավորը նրան նկատողություն արեց. «Կթողե՞ք, որ նիստը վարեմ»,- ամբաստանյալը լռեց: Այս պահին որպես վկա ցուցմունք է տալիս Լիլիա Պետրոսյանի ամուսինը՝ Հեկտոր Պետրոսյանը: Նա ասաց, որ տեղյակ չի եղել իր կնոջ արարքից:
Այսօր հարցաքննվեցին նաև մի քանի այլ վկաներ: Նրանցից Արտյոմ Մամյանը աշխատել է վարչական դատարանում` որպես ավագ կարգադրիչ: Դատավորի այն հարցին, թե արդյող եղե՞լ են անձիք, որ փաստացի ձեզ մոտ չեն աշխատել, բայց տեղեկագրերում նշված է եղել նրանց անունները, վկան պատասխանեց. «Այո, եղել են, իմանալով, որ վարչական դատարաններ ներկա են նաև մարզերում, մտածել եմ այնտեղի աշխատողներն են: Եթե չեմ սխալվում յոթ հոգի էին, այդ անձանց չեմ տեսել ու չեմ ճանաչում»,- ասաց վկան` հավելելով, որ ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանն իրեն բանավոր հայտնել է, որ նշյալ անձիք գործուղման մեջ են: Նույն սցենարն էր նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես ստորաբաժանման պետ աշխատած Սամվել Ալեքսանյանի պատմության հիմքում: Նրա հսկողության ներքո եղել 4 անձիք, որոնց ինքը չի ճանաչել ու տեսել, կրկին Գեղամ Գրիգորյանի ցուցումով նրանց հարցը փակվել է: