Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի՝ Միսակ Մարտիրոսյանի և մյուսների քրեական գործը մոտենում է ավարտին, սակայն պետական բյուջեից 115 մլն դրամի հափշտակության համար կայուն խումբ ստեղծելու մեջ մեղադրանքի հիմնական բաժին ունեցող Մարտիրոսյանն այդպես էլ չի հասկանում՝ ի՞նչ հանցանքի կատարման համար է նա հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Այսօր կես ժամ ուշացմամբ սկսվեց հերթական նիստը, դատավարության անդամները ժամանակին չէին ներկայացել:
Նախորդ նիստին անավարտ էր մնացել Միսակ Մարտիրոսյանի պաշտպանական ճառը, ամբաստանյալն այն այսօր շարունակեց:
Նախ նա անդրադարձավ մեղադրանքի փոփոխությանը՝ շեշտելով, որ այդ գործողությունից հետո իր նկատմամբ ոչ թե նոր մեղադրանք է առաջադրվել, այլ նախկին մեղադրանքն ուղղակիորեն խմբագրվել է:
Նա ասաց. «Եթե նախկին մեղադրանքով կազմակերպված խմբի անդամների միջև կատարվել էր վերաբաշխում, ապա նորում եղավ այն, որ Մարտիրոսյանը ունի ուրույն տեղը, միայն ինձ է վերագրվել այդ հատկանիշը, ոչ մի ուրիշ անձի»: Ուստի ըստ ամբասոտանյալի իր նկատմամբ «առանձնահատուկ սուբյհեկտիվիզմ է» կիրառվել. «Ինձ հետ առերսվողներին հետո նորից հարցաքննում էին, ոնց էր, որ դպրոցում դասը չէին սովորում, հետո պահում էին դասից հետո, նույնը այստեղ եղավ»,- ասաց ամբաստանյալն՝ բերելով հարցաքննությունների օրինակներ. «Այս ամենը արվում էր մի նպատակով, որ սարքված դրվագներն իրար չհակասեն: Ինձ ակնհայտ կեղծ մեղադրանք է առաջադրվել ու այդ պրոցեսը դեռևս շարունակվում է»:
Այնուհետև նա անդրադարձավ նախաքննությանը՝ խոսելով ամբաստանյալներից մի քանիսի ցուցմունքներից. «Ո՞վ է մեղավոր պարոն մեղադրող, որ նախաքննության ընթացքում ինչ-որ հանգամանք չի ստուգվել, որտե՞ղ էիք այդ ժամանակ Դուք, պարոն մեղադրող»,- հռետորական հարց հնչեցրեց դատարանում ամբաստանյալը:
Նա, իր խոսքերով, փորձեց ցույց տալ, թե ինչ «հանճարեղ մտքեր է մեկտեղված» մեղադրողի ճառում. «Լսեցինք ընդհանրական մտքեր, ապացույցների և հիմնավորվման տեսանկյունից զրոյական վիճակ, պահպանված չէր մեղքի անհատականացման սկզբունքը: 13 մեղադրողներից հիշատակվեց միայն իմ և Գեղամ Գրիգորյանի անունները, մյուսներինը առանձին դրվագներով: Եթե փորձեմ մեկ նախադասությամբ մեկնաբանել ճառը, ապա այդպիսի անվբովանդակ, առարկայազուրկ և անհիմն ճառ չէի լսել»:
Իր ճառում շեշտադրումներ անելիս Միսակ Մարտիրոսյանը նայում էր մեղադրողի ուղղությամբ: Դատավոր Արշակ Վարդանյանը մեկ անգամ նկատողություն արեց նրան՝ առաջարկելով անպարկեշտ արտահայտություններ չօգտագործել մեղադրող Հակոբ Մելքոնյանի նկատմամբ, վերջինս նույնպես հունից դուրս ելավ՝ Միսակ Մարտիրոսյանին հորդորելով զուսպ լինել:
Միսակ Մարտիրոսյանը շարունակեց. «Իմ ճառի վերջում ավելացնեմ երկու փառահեղ միտք՝ մեղադրանքից: Առաջինը՝ «Նախահաշիվները հաստատելով՝ Միսակ Մարտիրոսյանը համաձայնվել է ստեղծել կայուն խումբ», ես չեմ հասկանում, սա ինչպես մեկնաբանեմ: Հաջորդ փառահեղ միտքը «Չկատարելով իր պարտականությունները՝ բացահայտելու նապատակով»: Պարզվում է, որ դատական դեպարտամենտի ղեկավարը հետաքննական մարմին է: Հիմա ես նպաստել եմ, օժանադակել, թե չեմ բացահայտել, ինչո՞ւմ եմ ես մեղավոր»,- ընդգծեց նա:
Իր ճառում ամբաստանյալը խոսեց ամբաստանյալներից ոմանց և մեղադրող կողմի միջև համագործակցության մասին: Նա հիմնականում մեղադրեց նրանցից Արմեն Մովսիսյանին՝ նշելով, որ վերջինս գործարքի է գնացել մեղադրող կողմի հետ, ուստի իր նկատմամբ առաջադրվել է մեղմ պատիժ՝ առանց գույքի բռնագրավվման. «Ա. Մովսիսյանը կազմակերպել է, պլանավորել, խմբավորել, անգամ ցուցակ է ունեցել, նրա համար նախատեսվեց երեք տարի»:
Այս նիստին Միսակ Մարտիրոսյանը անգամ օրինակներ բերեց աղմկահարույց այլ գործերից, խոսեց Վազգեն Խաչիկյանի և մյուսների, ինչպես նաև «Բանդայի» գործերից՝ նշելով, որ դրանցով բավականին մեծ է եղել վնասը, սակայն պատիժը նույնն էր, ինչ սույն գործով:
Արմեն Մովսիսյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանն իր ճառում Միսակ Մարտիրոսյանի հայտարարություններին չանդրադարձավ՝ այն պաշտպանական մարտավարություն համարելով:
Նա գտավ, որ Ա. Մովսիսյանի նկատմամբ պետք է նշանակվի մեղմ պատիժ և նա պետք է համենրմամբ պատժի կրումից ազատվի: Ամբաստանյալը միացավ իր պաշտպանի ճառին՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի:
Հիշեցնենք՝ դատախազը միջնորդել էր Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, որը չպետք է գերազանցի հանցագործությամբ պատճառված վնասի չափը և միաժամանակ զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով, իսկ Արմեն Մովսիսյանին դատապարտել 3 տարի ազատազրկման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել՝ երեք տարի ժամկետով:
Գևորգ Թոսունյան