Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատախազը ճառի փոխարեն միջնորդությամբ հանդես եկավ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Նախորդ նիստին մեղադրող կողմը պետք է հանդես գար ճառով, բայց չէր ներկայացել դատարան: Դատախազ` Հակոբ Մելքոնյանը հայտնեց, որ նախորդ նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով, իսկ այս նիստին հանդես եկավ միջնորդությամբ՝ ասելով, որ այն կօգնի ճառին պատրաստվելու համար: Նա խնդրեց վերսկսել դատաքննությունը և հարցաքննության կանչել ամբաստանյալ Սաթենիկ Հովհաննիսյանին, դատական դեպարտամենտի տեղակալ` Ռշտունի Ասիկյանին և ֆինանսների նախարարության պաշտոնատար անձ` Ռուստամ Մարգարյանին:

Այս միջնորդությանը դեմ առարկեց Միսակ Մարտիրոսյանը և նրա պաշտպան Վարդան Զուռնաչյանը: Միսակ Մարտիրոսյանը նշեց, որ մեղադրող կողմը ամեն ինչ անում է գործի դատական ընթացքը ձգձգելու համար. «Ես գտնում եմ, որ սա ժամավաճառություն է: Սա ակնհայտ ապօրին գործողություն է մեղադրողի կողմից, որը գործը ձգձգելու նպատակ է հետապնդում».- ասաց ամբաստանյալը:

Դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց բավարարել այս միջնորդությունը և այսօրվա դատական նիստին հարցաքննության հրավիրեց ամբաստանյալ Սաթենիկ Հովհաննիսյանին: Նա Դատական դեպարտամենտում եղել է ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ:

Ամբաստանյալը հայտնեց, որ հիմնարկում աշխատավարձը հաշվում էր տարվա կտրվածքով: Նա կազմում էր նախահաշիվ, որը ստորագրվում էր իր և ծառայության պետի կողմից, այնուհետև ուղարկվում էր դատական դեպարտամենտ, իսկ թե ինչպես էր այդ փաստաթուղթը հասնում ֆինանսների նախարարություն և ետ գալիս, ինքը չգիտի:

Դատախազը նաև միջնորդեց, որ իրեն ներկայացնեն այդ ընթացքում կազմված նախահաշիվները, որոնք ներկայացվել են դատական դեպարտամենտին:
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին:

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ: Իսկ Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:

Ելենա Արամյան

Լուսանկարում՝ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել