Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի գործով վկաների ցուցմունքներում այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում բազմաթիվ հակասություններ հայտնաբերվեցին:
Վկա Արման Կարապետյանը, ով, իր հիշելով, 3 տարի առաջ ցանկություն է ունեցել աշխատանքի անցնել դատական կարգադրիչների համակարգում և հանձնել է փաստաթղթերը, դատարանում հայտնեց, որ Գեղամ Գրիգորյանին չի ճանաչում, սակայն նախաքննական ցուցմունքում ասվում էր, թե հանդիպել է «ինչ-որ Գրիգորյանի»: Այնուհետև դատավոր Արշակ Վարդանյանը մեջբերեց նախաքննական ցուցմունքից հատված, որտեղ վկան և ամբաստանյալը զրույց են ունեցել: Դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք նախաքննական ցուցմունքում տեղ գտած զրույցը եղել է, վկան սկզբում բացասական պատասխան տվեց, այնուհետև դրական, ինչը զայրացրեց դատավորին. «Հինգ վայրկյան տարբերությամբ տարբեր պատասխաններ եք տալիս, որ ես չեմ հասկանում, կողմնորոշվեք, վկա»,- ասաց պարոն Վարդանյանը:
Մեկ այլ վկա Միքայել Այվազյանն էլ մոռացել էր իր նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ նա շոշափում էր Գեղամ Գրիգորյանի անունը: Այս անձը նույնպես դիմել է դատական դեպարտամենտ աշխատանքի անցնելու համար, տրամադրել է աշխատանքային գրքույկն ու մի քանի այլ փաստաթղթերի պատճեներ: Որոշ ժամանակ անց զանգով նրան տեղեկացրել են, որ աշխատանքի է ընդունվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, Միքայել Այվազյանը հրաժարվել է այս աշխատանքից` պատճառաբանելով, որ, իր խոսքերով, բնակության վայրից հեռու է գտնվել աշխատավայրը, բացի այդ աշխատավարձն էր քիչ:
Դատարանը այս վկայի ցուցմունքներում հակասություններ տեսավ` պայմանավորված դեպարտամենտի աշխատակիցներից մեկի հետ առանձնազրույցով, որի մասին նա ոչինչ չասաց: Նախաքննական ցուցմունքում նշվում էր, որ երբ վկան դեպարտամենտի կենտրոնական գրասենյակում հայտնել է, որ չի կարող ընդունվել աշխատանքի, իրեն ուղեկցել են Գեղամ անունով անձի մոտ, ում հայտնել է, թե գործն իրեն հարմար չէ, Գեղամն էլ ասել է, որ հարմար աշխատանք կգտնեն ու կզանգեն: Այս ցուցմունքը հրապարակելուց հետո վկան պատասխանեց, որ նման բան եղել է:
Մյուս վկաները` Կարեն Միքայելյանը, Լիլիթ Վարդանյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Աղվան Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Հայկ Խուդոյանը, Արման Տիգրանյանը տեղեկացրին, որ դիմումներ են գրել` որպես կարգադրիչ աշխատանքի անցնելու համար, սակայն աշխատանքի չեն ընդունվել, ոչ էլ աշխատավարձ են ստացել բանկային քարտով: