Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մի զարմացեք, դրա համար եմ ես այստեղ». Միսակ Մարտիրոսյան

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով վերսկսված դատաքննության ընթացքում այսօր՝ ապրիլի 27-ին դատարանում վկայի կարգավիճակով երկու պաշտոնյաներ հարցաքննվեցին: Նրանց դատարան էին հրավիրել մեղադրող դատախազ Հակոբ Մելքոնյանի միջնորդության հիման վրա:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ Ռշտունի Ասիկյանը հարցաքննության ընթացքում անդրադարձավ կարգադրիչներին աշխատավարձերի տրման կարգին: Նա տեղեկացրեց, որ համակարգում կան 21 առանձին ստորաբաժանումներ, որոնք կազմում էին նախահաշիվներն ու ուղարկում կենտրոնական մարմին. «Ընդհանրապես նախահաշիվ կազմողը՝ ծախսողն է, ստորաբաժանումն ինքը կազմում է ու ուղարկում մեզ՝ ստուգելու: Մինչև հաստատելը, ֆինանսաբյուջետային վարչությունը բոլոր թվերը ստուգում է, եթե հանկարծ անհամապատասխանատվություն կա օրենք համապատասխան հոդվածների հետ, քննարկվում է, նոր տանում էին հաստատման»,- ասաց Ռշտունի Ասիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից նախահաշիվների ստորագրումը զուտ ընթացակարգային բնույթ էր կրում. «Ղեկավարի կողմից նախահաշվի ստորագրումը զուտ ընթացակարգային է, օրենքն է այդպես նախատեսվում, որովհետև Դատական դեպարտամենտի ղեկավարը ի վիճակի չէ այդ թվերը ստուգել: Որպեսզի ստուգեր, դրանց ծնունդը պետք է իմանար»:

Միսակ Մարտիրոսյանը, ով զբաղեցրել է դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, հետաքրքրվեց. «Փաստաթղթային կարգով հնարավո՞ր էր պարզել, թե մեռած հոգիներ են գրանցվել»: Նա նկատի ուներ աշխատացուցակներում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց անունները. «Ո՞նց կարող է: Դա ոչ մեկ չի կարող իմանալ, դա կարող է հաստատել այն մարդը, ով կազմել է այդ փաստաթղթերը»,- արձագանքեց ՀՀ դատական դեպարտամենտի գլխավոր ֆինանսիստը. «Մի զարմացեք, դրա համար եմ ես այստեղ»,- ասաց Միսակ Մարտիրոսյանը:

Հաջորդ հարցաքննվողը ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակից Ռուստամ Մարգարյանն էր, ով նույնպես նշեց, որ փաստաթղթային ստուգումների արդյունքում հնարավոր չէր պարզել, թե արդյոք չաշխատող անձիք են գրանցված դատական դեպարտամենտի համակարգում:

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և հիմնարկի մյուս պաշտոնատար անձինք մեղադրվում են կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետբյուջեից 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու մեջ: Իսկ Միսակ Մարտիրոսյանին նաև մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել