Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Պետությունից հափշտակվել է 115 մլն դրամ. ամբաստանյալը բարձրաստիճան պաշտոնյաների է մեղադրում կատարվածի մեջ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար՝ Միսակ Մարտիրոսյանի և գործով մեղադրվող 13 ամբաստանյալների գործով դատական վիճաբանությունների փուլը՝ դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ:

Այսօր ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով: Միսակ Մարտիրոսյանը նշեց, որ 20 տարուց ավելի աշխատել է արդարադատության ոլորտին առնչվող տարբեր համակարգերում և զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Մարտիրոսյանը քրեական գործի հետ կապված նշեց, որ այն շոուի են վերածում: «Այն ժամանակվա Երևանի դատախազը, գլխավոր դատախազի այսօրվա տեղակալն իրենց շահն են հետապնդում, այն առումով, որ նրանք անձնական վրեժ են լուծում ինձնից, քանի որ ես չեմ կատարել նրանց հանձնարարությունը և չեմ դարձել նրանց կամակատարը, հենց այդ պատճառով է, որ ինձ ազատել են դատախազության համակարգից»,- ասաց ամբաստանյալը՝ հավելելով, որ բարձրաստիճան պաշտոնյաները նպատակ են ունեցել դատական իշխանության նկատմամբ ոտնձգություն կատարել:
«Ինձնից անընդհատ փորձում էին ցուցմունք ստանալ, որ իբր թե վճռաբեկ դատարանի նախագահը տեղյակ է այս կատարված հանցագործությունների մասին: Եթե ես ցուցմունք տայի, ապա վճռաբեկ դատարանի նախագահը նույնպես արժանանալու էր մեր բախտին: Այնուամենայնիվ այս ամենը շոուի է վերածվել, քանի որ նույն ժամանակաշրջանում հարուցվել էր քրեական գործ մեկ այլ մեռած հոգիներ գրանցվելու առումով»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով մեղադրողին բացարձակապես չի հետաքրքրում, թե Մ. Մարտիրոսյանը և մյուսները որքանով են առնչվում 115 մլն. դրամի հետ, քանի որ դատախազը որևէ կերպ չի հիմնավորել մեղադրանքը: Ամփոփելով իր վերջին խոսքը` Միսակ Մարտիրոսյանը դատարանին խնդրեց, որ դատավճիռ կայացնելիս վարվի այնպես, ինչպես կվարվեր իր հետ, եթե հայտնվեր ամբաստանյալի աթոռին:

Այսօր ամբաստանյալներից մի քանիսը հրաժարվեցին վերջին խոսքի իրավուքից, որոշներն էլ դատարանից խնդրեցին մեղմ վճիռ կայացնել: Միայն ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանի պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը դատարանից խնդրեց լրացուցիչ ժամանակ տալ, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա հանդես գա վերջին խոսքով: Դատախազը առարկություն չուներ և դատավորի որոշմամբ Գեղամ Գրիգորյանին տրվեց մեկ շաբաթ ժամանակ պաշտպանական ճառի համար: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 13-ին:

Հիշեցնենք՝ այս գործով դեպարտամենտի նախկին ղեկավարի և հիմնարկի մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2009-2013թթ.-ին կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետական բյուջեից շուրջ 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու համար:

Լաուրա Մամյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել