Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով վկաների հարցաքննությունը:
Վկաներից Արայիկ Հակոբյանը դատարանում ցուցմունք տվեց, որ դատական կարգադրիչների համակարգում աշխատանքի մասին իմացել է ԶԼՄ-ներից և դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ. «Գնացի դիմումը գրեցի, դրանից վեց ամիս հետո եկա, ասեցին կլինի գործ, կկանչեն, ինձնից փաստաթղթեր վերցրին, կրկին 6 ամիս հետո էլի եկա, որ թղթերս հետ վերցնեմ»,- պատմեց վկան:
Հարցաքննված մեկ այլ վկա Խորեն Բալաջյանը նշեց, որ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ամբաստանյալներից Գագիկ Խաչատրյանի հետ, դիմել է նրան դատական կարգադրիչների համակարգում ծառայության անցնելու համար. «Փաստաթղթերը ներկայացրեցի, հրաման եղավ մարզերից մեկում դատական կարգադրիչ աշխատանքի անցելու մասին, չեմ հիշում՝ կոնկրետ՝ որ, սակայն չկարողացա գնալ աշխատանքի»:
Վկան դժվարությամբ էր խոսում, ինչը նկատեց դատավոր Արշակ Վարդանյանը. «Վկա վախեցա՞ծ եք»,- հետաքրքրվեց դատավորը, վկան բացասական պատասխան տվեց: Երբ դատավորն էր հարցաքննում վկային, նա նշեց, որ Գագիկ Խաչատրյանն է իրեն առաջարկել աշխատանքի անցնել դեպարտամենտում, ինչ մինչ այդ ասում էր, որ ինքն է դիմել ամբաստանյալին:
Վկայի հարցաքննության ընթացքում դատարանը նաև այլ հակասություններ տեսավ, մասնավորապես` նրան բանկային քարտ տրամադրելու վերաբերյալ ցուցմունքում, ուստի հրապարակեց Խ.Բալաջանյանի նախաքննական ցուցմունքները, որոնցից հստակ դարձավ, որ Գագիկ Խաչատրյանը նրան ասել է, որ բանկից քարտ ստանա. «Դրանից հետո նոր Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ես աշխատանքից կազատվեմ, ես այդպես արեցի, ազատվեցի գործից»: Նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ նաև, որ այս գործողությունից հետո 2013 թվականին վկային կրկին իր մոտ է կանչել Գագիկ Խաչատրյանը և խնդրել, որ նորից հեռացման դիմում գրի, ինչը զարմացրել է վկային, քանի որ նա արդեն այդ դիմումը գրել էր:
Այսօր հրապարակվեց նաև դատական նիստին մեղադրյալի կարգավիճակով հարցաքննման ենթակա Մհեր Գևորգյանի մինչդատական վարույթում տված ցուցմունքները, քանի որ մեղադրյալը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ: Նա աշխատել է դատական դեպարտամենտուն, կասկածվում է պաշտոնական կեղծիքի և պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ վերջինս Գեղամ Գրիգորյանից ցուցմունք է ստացել աշխատացուցակում ավելացնել շուրջ 3 անձանց անուններ. «Գրավոր հրաման ես չեմ ունեցել, կատարել եմ պետի ցուցումը, չիմանալով, որ դրա համար հրաման է պետք: Քանի որ նման անձ կար այլ ստորաբաժանումներում, ես մտածել եմ, որ որևէ սխալ բան չկա դրանում և ավելացրել եմ այդ անձանց»,- նշված էր ցուցմունքում:
Այսօրվա դատական նիստին ներկայանալու համար ծանուցվել էին նաև շուրջ 30 վկաներ, դատարանի գրասենյակ էին մուտք գործել նրանցից 4-ի դիմումները, օրինակ` Արման Սաղոյանի և Իլյա Աբալյանի դիմումում նշվում էր, որ նիստի օրը լրանում է Ա.Սաղոյանի տատիկի մահվան մեկ տարին, ուստի չեն կարող ներկայանալ: Հերթական նիստը նշանակվեց ամսի 27-ին:
Գևորգ Թոսունյան