Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես արդար եմ իմ խղճի ու Աստծո առաջ»․ կուրսանտի սպանության գործով ամբաստանյալի ճառը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ փետրվարի 28-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալ Վաչե Սահակյանը կարդաց իր պաշտպանական ճառը։

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել 2015թ. հունվարի 29-ին Հայկազ Բարսեղյանին առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանելու համար։

Սահակյանը ճառի սկզբում իր ցավակցությունը հայտնեց Հայկազի հորը՝ որդու սպանության կապակցությամբ․ «Պարոն Բարսեղյան, Ձեզ և Ձեր ընտանիքին անդառնալի կորստի և ցավի համար»։

Նա նշեց, որ արդեն 6 տարի է լուռ հետևում է դատավարությանը և տեսնում, թե ինչպես են «դատախազները քննիչների սարքած գործը կարում իրենց հագով»։

«Ասում են, որ ես լավ տղա եմ խաղացել, որ ինքնահաստատվելու համար Հայկազին սպանել եմ, մարդ եմ ծեծել․․․ Ես վաշտի ավագն եմ եղել, հարգելի դատարան։ Իմ հրամանատարները և կուրսանտները հարգել են ինձ և վստահել։ Ես խիստ եմ եղել, և որքան հնարավոր է, 18 տարեկանի մտածելակերպով, արդար։ Շատ շատերին եմ օգնել, եղել ա, որ կոնֆլիկտ էլ ա եղել, իրար վիրավորել ենք, քաշքշել, բայց այդ բոլորը հարթվել գնացել է, իսկ դուք հիմա լրիվ ուրիշ երանգով եք ներկայացնում, որ ինքներդ ձեր աչքին բարձր երևաք․․․ Ես ուզել եմ, որ իմ վաշտում կարգ ու կանոն լինի, որ ամեն ինչում առաջատար լինենք։ Իսկ դրա համար ինչ-որ տեղ պետք էր, որ խիստ լինեի»,-նշեց ամբաստանյալը։

Նա նշեց, որ շատ հարցեր ունի, որոնց պատասխանը դատախազներից է ուզում լսել։ Սահակյանը հարցրեց՝ ինչպես կարող են բացատրել այն, որ տարբեր սենյակում քնած կուրսանտները միաժամանակ վեր կացել քնից, պայմանավորվել և նպատակային մտել, այդքան վկաների ներկայությամբ ծեծել ու սպանել Հայկազին․ «Ինչի՞ Հայկազի եղունգների տակ մեզնից մեկնումեկի մաշկից չի հայտնաբերվել։ Մարդուն, ըստ ձեզ, արյունլվիկ ենք արել։ Բա մեր շորերին գոնե մի կաթիլ արյուն չընկա՞վ»։

Նա շատ հարցեր ուներ կապված արյան հետքերի, ձեռագրաբանական փորձաքննության, ձյան վրա հայտնաբերված ոտնահետքերի վերաբերյալ։ Նա համարում է, որ նման «կիսատ-պռատ գործով» իրեն ուզում են մարդասպան սարքել։

Սահակյանը պնդում է, որ և՛ վկաներին, և՛ ամբաստանյալներին ծեծել են․ «Արկադի Բարսեղյան, որքան էլ հարգեմ Ձեր վիշտն ու կորստի ցավը, որքան էլ լռեմ Ձեր հայհոյանքների և վիրավորանքների առաջ, մի հարց եմ ուզում տալ Ձեզ․ բա հեչ Ձեր մտքով չանցա՞վ, որ գործը կարող է սարքած լինել, որ անմեղ մարդիկ են չարած բանի համար պատասխան տալիս, իսկ հանցագործություն կատարած անձինք վայելում են ազատությունը։ Չէ որ ես հենց սկզբից նամակ էի գրել, որ անմեղ եմ, խնդրում եմ Ձեզ օգնել ու բացահայտել ճշմարտությունը։ Իսկ Դուք ի՞նչ արեցինք․ նախընտրեցիք ջուր լցնել իրենց ջրաղացին»։

Այնուհետև ամբաստանյալը դիմեց դատավորին ու ասաց, որ ինքը արդար է իր խղճի ու Աստծո առաջ․ «Արդար եմ Հայկազի ու իր ծնողների առաջ ու նոր՝ օրենքի»։

Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը հաստատեց, որ Վաչե Սահակյանը իրեն նամակ գրել է, սակայն դրանում որևէ ցավակցական խոսք չի եղել․ «Նամակում գրված էր՝ ես ձեզնից ներողություն չպիտի խնդրեմ։ 7 տարի հետո նոր ցավակցում է ինձ»։

Բարսեղյանի խոսքով՝ ինքը ամբաստանյալների ծնողներին չի վիրավորել, ամբաստանյալներն են իրենց ծնողների պատվի հետ խաղացել։

«Շատ է խոսվում այս դատական համակարգի մասին։ Պետք է ցույց տալ, որ դատական համակարգը աշխատում է։ Խնդրում եմ ճիշտ որոշում կայացնել»,-ասաց Հայկազի հայրը։

Նշենք, որ Վաչե Սահակյանը ամբաստանյալներից վերջինն էր, ով ճառով հանդես եկավ։

Նիստի վերջում ամբաստանյալներից Գնել Թևոսյանը միջնորդեց իր խափանման միջոցը փոխել, որպեսզի պատշաճ բժշկական օգնություն ստանա։ Թևոսյանի խոսքով՝ իր մոտ նևրոզ է․ «Խնդիրներ ունեմ, իմ միջոցներով պետք է բուժվեմ»։

Իրավահաջորդը, նրա ներկայացուցիչը և մեղադրող դատախազը առարկեցին՝ բացատրելով, որ բուժումը նա կարող է ստանալ նաև Դատապարտյալների հիվանդանոցում։

Դատավոր Հարությունյանը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա մարտի 14-ին։

Եվգենյա Համբարձումյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել