«Վախեցել եմ մյուս զինվորներին արթնացնել, վախեցել եմ որևէ բան անել՝ մտածելով, որ նույն բախտի կարժանանամ»,- ասում էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության օրը նույն ննջասենյակում գտնված զինծառայողը:
Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հարցաքննվեց այս գործով որպես տուժող հանդես եկող զինծառայող Կարեն Բ.-ն: Նա միաժամանակ մեկ այլ գործով ամբաստանյալ է, ուստի դատավորը նրան բացատրեց, որ կարող է ցուցմունք չտալ այդ մասով, սակայն Կարենը չառարկեց, պատրաստ էլ ցուցմունք տալ ու ներկայացնել իր տեսածն ու լսածը:
Իսկ դեպքի օրը՝ 2015թ. հունվարի 29-ին նա քիչ բան է տեսել, բայց շատ՝ լսել: Տուժողը նախ պատմեց, որ իր և Հայկազ Բարսեղյանի միջև հարաբերությունները լարված են եղել, սակայն այդ օրը կարգավորվել են:
Գիշերը նա եղել է ննջասենյակի մի անկյունում, իսկ Հայկազը՝ վերջում, արթնացել է Հայկազի բացականչությունից, բարձրացրել գլուխը վեր. «Այդ ժամանակ տեսա, որ Գնելը (նկատի ունի՝ ամբաստանյալ Գնել Թևոսյանին) կտրուկ շարժում արեց, ձեռքը վեր բարձրացրեց ու իջեցրեց, այդ պահին Հայկազըը վեր կացավ, հետ տվեց ու նորից պառկեց»,- պատմեց տուժողը:
Այս գործողությունը, ըստ նրա, տևել է 10-15 վայրկյան, որից հետո ինքը պառկել է և ծածկոցով փակել գլուխը՝ ձևացնելով, որ քնած է, սակայն լսել է՝ ինչ է կատարվում ննջարանում:
«Միայն հարվածների ձայներ էի լսում, հայհոյանքներ Հայկազին, նա փորձում էր արտահայտվել, բայց չէր կարողանում, քանի որ փակում էին բերանը»,- ասաց Կարենը՝ փոխանցելով, որ այդ պահին իրեն թվացել է, թե լուրջ ծեծկռտուք է, հետագայում է հասկացել, որ սպանություն է տեղի ունեցել: Պաշտպանական կողմից հետաքրքրվեցին, թե ինչու նա չմիջամտեց՝ իմանալով, որ Հայկազի նկատմամբ բռնություն են կիրառում, տուժողն կարծիք հայտնեց, որ ամբաստանյալներն այդ օրը հարբած էին ու նույնը կարող էին անել իր հետ:
Այս գործողությունից հետո Գնելն ու Նորիկը (ամբաստանյալ՝ Նորիկ Սահակյանը) Հայկազին դուրս են հանել սենյակից: Տուժողը պատմեց, որ դրանից հետո վերադարձել է Գնելն ու սպառնացել բոլորին. «Մտավ ննջարան, վառեց լույսը ու ասաց, թե ով այս դեպքի վերաբերյալ բան ասեց, ես կգտնեմ, եթե ես էլ չգտնեմ, ուրիշ մեկը ձեզ կգտնի, հետո հայհոյանքներ տվեց»,- Գնելի հեռանալուց հետո, տուժողը չի լսել, որ կուրսանտներն իրար հետ զրուցեն, նրանք քնել են:
«Առավոտյան վեր ենք կենում, տեսնում եմ, որ Հայկազի պահարանի դուռը բաց է, փակում եմ այն, կատարվածը մտածում էի ինչ-որ երազ է, մենք մտածում էինք, որ Հայկազը իր մոտ պառկած է, բայց տեսնում ենք, որ չկա: Մահճակալը ամբողջությամբ արյուն էր: Հետո իջնում ենք բոլորս ներքև, կից հրապարակից ձայներ լսեցինք, թե ով վախում է, թող չգնա, բայց ես գնացի, տեսա, որ Հայկազ Բարսեղյանի դին կախված էր պտտաձողից, դա ընդհանրապես նման չէր ինքնասպանության, որովհետև ես կարծում եմ, որ եթե մարդը ինքնասպանություն գործեր, հաստատ ոտքերը գետնին չէին կպնի»,- նշեց կուրսանտը:
Հիշեցնենք նաև, որ բացի Գնելից ու Նորիկից, մեղադրանք է առաջադրվել նաև Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին: Նրանք չորսը մեղադրվում են այն բանի համար, որ 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Գ.Թ.
Իրավաբան.net