Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին, շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը։
Ամբաստանյալներից Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նոր միջնորդություն ներկայացրեց։ Ըստ փաստաբանի՝ նրա պաշտպանյալի եղբոր ընկեր Սամսոն Շահումյանը կարողացել է կապ հաստատել գործով առանցքային վկաներից մեկի, Սամվել Սերոբյանի հետ, ով այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Սամսոն Շահումյանը վիդեո-զանգ է ունեցել վկայի հետ, որի ընթացքում նա հայտնել է, թե «ինքը ոչինչ չի տեսել, ոչնչից տեղյակ չէ, գործով ցուցմունքները քննիչներն են իր փոխարեն գրել»։
«Նա ասել է, որ գիտի՝ «տղաների վրա սարքել են», վկաներ են բերել և արդեն որոշված է, որ նրանց պետք է դատեն… Սամվելն ասել է նաև, որ իրեն գործի քննության ընթացքում իրեն 2,5 տարի պահել են ռազմական մեկուսարանում, որտեղ իրեն և այլ վկաների դաժան ծեծի են ենթարկել՝ խողովակներով և փայտերով։ Ասել է, որ այդ մասին հայտնել է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչներին, ովքեր իր մոտ են եկել ծեծի հետևանքով իր վրա եղած կապտուկները անցնելուց հետո ու գրել են, որ ինքը բողոք չունի… Ասել է՝ եթե գայի դատարան ու ճիշտը պատմեի, մեկ է, ոչ ոք չէր հավատա իրեն և վախենում է, որ իրեն սուտ ցուցմունք տալու համար դատեն։ Սամսոնը Սամվելին ասել է, որ եթե ցուցմունքները նրանից ծեծելով են վերցրել, ապա դրանցից հրաժարվելու դեպքում նրան չեն կարող դատել։ Միևնույն ժամանակ առաջարկել է, որ ինքն իրեն տեսաձայնագրի, պատմի իրականությունը և տեսաձայնագրությունն ուղարկի իրեն։ Սամվելը դրական պատասխան է տվել, սակայն մինչև օրս չի ուղարկել»,-հայտնեց Նադիրյանը՝ հավելելով, որ Սամսոն Շահումյանը Սամվել Սերոբյանի հետ ունեցած իր բոլոր խոսակցությունները ձայնագրել կամ տեսաձայնագրել է իր ապահովության համար։
Պաշտպանը միջնորդեց վերսկսել գործով դատաքննությունը, Սամսոն Շահումյանի ներկայացրած խոսակցությունների տեսաձայնագրությունները և ձայնագրությունները հետազոտել և կցել գործին, իսկ վերջինիս որպես վկա հարցաքննել դատարանում. «Ձայնագրությունները պարունակում են սեռական բնույթի հայհոյանքներ, միջնորդում եմ դռնփակ շարունակել»։
Դատավոր Դավիթ Հարությունյանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի մեղադրող կողմը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը և մյուս պաշտպանները կարողանան ծանոթանալ խոսակցությունների վերծանումներին և հայտնեն իրենց կարծիքը։
Ընդմիջումից հետո մեղադրող դատախազը նշեց, որ առարկում է միջնորդության դեմ, նրան միացավ նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Դատախազը նշեց, որ դատարանում բոլոր ապացույցները հետազոտվել են և դատաքննությունը վերսկսելու անհրաժեշտություն չկա։
«Սամվել Սերոբյանի հայրը դատարանում ցուցմունք տվեց՝ ասաց, որ որդուս հետ խոսել եմ, ասել է, որ չի պատրաստվում Հայաստան գալ։ Միաժամանակ հայտնել է, որ որդին իրեն ասել է՝ դատաքննության ընթացքում ինչ հայտնել է, դա ճիշտ է։ 2,5 տարի ռազմական մեկուսարանում գտնվելու վերաբերյալ տեղեկությունները նույնպես իրականության չեն համապատասխանում, ինչպես նաև այն, որ ՌՈ-ի և ՀՔԾ-ի քննիչները իրեն հարցաքննել են։ Ենթադրյալ բռնությունների մասով 2 վարույթ է իրականացվել, նյութեր են նախապատրաստվել, որոնք մերժվել են… Ընդունեք նաև, որ հեռախոսով անծանոթ մի երիտասարդ զանգում, ասում է՝ իմ ընկերոջ դեմ ինչու ես ցուցմունք տվել, նա էլ խուսափողական պատասխաններ է տվել, «ես տեղյակ չեմ» և այլն։ Դա դեռ ոչինչ չի նշանակում»,-նշեց մեղադրող դատախազը։
Մյուս պաշտպանները միացան Արմեն Նադիրյանի միջնորդությանը։ Դատավոր Դավիթ Հարությունյանը ևս մի քանի հարց ուղղեց Նադիրյանին՝ պարզելու համար, թե որն է միջնորդության նպատակը. «Խոշտանգումների մասով մեղադրողը նշեց, որ 2 վարույթ է իրականացվել այդ առնչությամբ, այդ որոշումները բողոքարկե՞լ եք»։
Նադիրյանը բացասական պատասխան տվեց, սակայն սա նոր երևան եկած հանգամանք է, որը հիմք կհանդիսանա բողոքարկման համար։
«Նոր երևան եկած հանգամանքով դատարանն է զբաղվելո՞ւ»,-հարցրեց դատավորը և կրկին բացասական պատասխան ստացավ պաշտպանից. «Ոչ, մենք առանձին կբողոքարկենք այդ որոշումը, բայց այս վարույթի շրջանակներում ես գտնում եմ, որ անհրաժեշտ է վկային հարցաքննել։ Մեզ հետաքրքիր չի՞, ի վերջո։ Եղած ապացույցները գնահատելու ենք»։
Դատավորը մի քանի հարց ուղղեց նաև ամբաստանյալ Վաչե Սահակյանին, ում եղբոր ընկերը զրուցել էր Սամվել Սերոբյանի հետ։ Սահակյանը նշեց, որ Սամսոն Շահումյանին ճանաչել է, երբ դեռ փոքր է եղել, որևէ շփում իր հետ չի ունեցել. «Մենք ընդհանրապես տենց ընկերություն չենք արել»,-նշեց ամբաստանյալը և հավելեց՝ տեղյակ չի եղել, որ վերջինս սեփական նախաձեռնությամբ վկաների հետ է փորձում կապվել. «Գիտեմ, որ եղբորս ընկերն է»։
Սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը նշեց, որ ինքը առանձնազրույց է ունեցել Սամվել Սերոբյանի հետ, երբ վերջինս հրավիրվել էր դատարան։
«Մոտեցել եմ, ասել եմ՝ Սամվել ջան, ճիշտն ասա։ Իրենք երիտասարդ տղաներ են, չեմ ուզում անմեղ տեղը նստեն, եթե իրենք չեն արել՝ դատվեն։ Իրե՞նք են արել, թե ուրիշները։ Ասաց՝ հոպար ջան, 100 տոկոս իրանք են եղել»։
Դատարանը մերժեց Արմեն Նադիրյանի միջնորդությունը և նշեց, որ պաշտպանական կողմը տարբեր պատճառաբանություններով հետաձգում է գործի քննությունը։
Մարտի 1-ի դատական նիստին պաշտպանական կողմը պետք է ճառով հանդես գար, սակայն մի պաշտպանի բացակայության, մյուսի պատրաստ չլինելու պատճառով դատական նիստը հետաձգվել է։ Մեղադրող դատախազը ճառով հանդես է եկել փետրվարի 1-ին։
Դատավոր Հարությունյանը առաջարկեց, որպեսզի պաշտպանական կողմի ներկայացուցիչները հանդես գան ճառերով։ Փաստաբան Արմեն Նադիրյանը նշեց, որ իր միջնորդության բավարարում էր ակնկալում։ Մերժման հետ կապված ճառում փոփոխություններ են լինելու, ուստի ճառը ներկայացնել չի կարող։ Մյուս 2 պաշտպանները նույնպես ճառը չներկայացրին, մեկը նշեց, որ գիտեր՝ Արմեն Նադիրյանի ճառը այնքան երկար է, որ 1 օր բավարար չէր լինի ճառը լսելու համար և այդ պատճառով պատրաստ չի եկել, բայց «մյուս դատական նիստին կպատրաստվի»։
Նախագահող դատավորը հայտնեց, որ դատական վիճաբանություններում հանդես գալը և ճառելը կողմերի իրավունքն է. «Եթե հաջորդ դատական նիստին կրկին չիրականացնեն, չցանկանան կամ հնարավորություն չունենան իրացնել իրենց իրավունքը, դատարանը կշարունակի դատական քննությունը և վերջին խոսքի իրավունք կընձեռի ամբաստանյալներին։ Առաջարկում եմ՝ գոնե հաջորդ դատական նիստին պատրաստ լինել ճառելուն»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 29-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Եվգենյա Համբարձումյան