Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Հայկազ Բարսեղյանը չէր կարող հասնել այն պտտաձողին, որից կախված է եղել». վկան՝ կուրսանտի սպանության մասին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը, որը սկսվեց կես ժամ ուշացումով:

Պատճառը վկաների` դատարան չներկայանալն է: Դատավորը հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունը կրկին վկաների ներկայությունը դատարանում չի ապահովել:

Նիստին ներկայացել էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասակներից մեկի հրամանատար Արթուր Զարաֆյանը, ով այս գործով վկա է անցնում:

Նա իր ցուցմունքում նշեց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին, այդ թվում նաև սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, իսկ ամբաստանյալներից Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը իր դասակից են եղել: Նա նշեց, որ երկուսն էլ եղել են ջոկի հրամանատարներ. «Գնելի առաջադիմությունը բավարար չի եղել, սակայն Նորիկը գերազանց առաջադիմություն ուներ»:

Սպանված կուրսանտի մասին Արթուր Զարաֆյանը նշեց, որ նա օրինակելի կուրսանտ է եղել, իսկ սպանությունից մեկ օր առաջ նա նրան տարել է եկեղեցի, մոմ են վառել ու խոսել ծառայությունից: Նշեց, որ Հայկազ Բարսեղյանի տրամադրությունը շատ բարձր է եղել, և երբ նրան հայտնել են, թե կուրսանտը ինքնասպան է եղել, շատ է զարմացել:

«Հրամանատարներից Ավետիսյանն է զանգել ինձ, ասել, որ Հայկազը կախվել է, շտապ արի զորամաս, ես անմիջապես զորամաս եմ վազել: Ննջասենյակ եմ բարձրացել, արյունոտ անկողինն եմ տեսել, դուրս եմ եկել, արդեն խառնաշփոթ էր: Դրանից հետո իրավապահ մարմինները եկան, շարահրապարակում անձնակազմը կանգնեցրինք, որից հետո դասերի եմ տարել երեխաներին: Հետո զանգել է գումարտակի հրամանատարը, ասել, որ Թևոսյանին և ևս երկու հոգու, չեմ հիշում, թե ում, տանեմ գումարտակ: Ես էլ տարել եմ»,-նշեց վկան:

Ռազմական ուսումնարանի դասակի հրամանատարը նաև նշեց, որ դեպքի նույն օրը՝  2015թ. հունվարի 28-ի առավոտյան նրան զանգել է մի կուրսանտ ու հայտնել նույն լուրը, ինչ Ավետիսյանը, սակայն Զարաֆյանը չի հիշում, թե ով է իրեն զանգել, շոկի մեջ է եղել: Նախաքննական մարմինը պարզել է, որ այդ առավորտյան Արթուր Զարաֆյանին զանգել են ամբաստանյալներ Գնել Թևոսյանը և Մովսես Ազարյանը, սակայն 2-րդ զանգի մասին վկան ընդհանրապես ոչինչ չէր հիշում. «Շոկի մեջ եմ եղել»:

Հեռախոսային վերծանումներից հետո պարզվել է, որ Արթուր Զարաֆյանը 27 վայրկայն հեռախոսային զրույց է ունեցել Մովսես Ազարյանի հետ:

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև եղած հակասությունների պատճառով դատարանը որոշում ընդունեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքում նա ասել էր, որ  սպանության օրը տեսել է Հայկազին ցածր պտտաձողից կախված, սակայն դատարանում սպանության վայրի լուսանկարները տեսնելով նշեց, որ շատ ժամանակ է անցել, դրա համար չէր հիշում, որ բարձր պտտաձողից է կախված եղել: Դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին՝ կարող էր արդյոք Հայկազ Բարսեղյանը հասնել բարձր պտտաձողին, վկան պատասխանեց. «Դե, չեմ կարծում: Նա ինձ նման ցածրահասակ էր»:

Վկայի խոսքով, տարբեր խոսակցություններից է լսել, որ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան չի եղել, այլ սպանել են. «Խոսակցություններից հասել է ինձ, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են, ես անձամբ տեղում չեմ եղել: Հերթապահ Մխիթարյանին հարցրել եմ, թե ինչ ա եղել, ասել է` ոչ տեսել է, ոչ էլ խաբար է` ինչ է եղել: Իսկ քննիչը երբ տեսավ Հայկազի դին, միանգամից ասաց` սպանել են, չէր կարող սենց կախվեր, ինչքան հիշում եմ` Հայկազի ոտքը գետնին կպած էր եղել, դրա համար ասաց քննիչը»:

Արթուր Զարաֆյանի խոսքով՝ Գնել Թևոսյանը, որը զորամասի հրամանատարի տեղակալի տղան է, հաճախ է բացակայել զորամասից:

«Զորամասի հրամանատարներից է եղել նրա հայրը`Զարմիկ Մարկոսյանը, և կարծել եմ, որ նրա` տանը գտնվելու հանգամանքի մասին գիտեն և այդ պատճառով էլ բան չեմ ասել, նրա հայրը վերադաս դիրքում էր, նրա հայրն է եղել պատասխանատուն»,- ասաց նա:

Դատական մյուս նիստը նշանակվեց  դեկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է և այս պահին արտերկրում է:


Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել