Մայիսի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ փաստաբան Արմեն Նադիրյանը նախորդ դատական նիստին միջնորդել էր մի քանի վկաների կրկին հարցաքննել։ Նախկինում վկաները նշել էին, որ քուն հրամանից հետո սենյակից դուրս չեն եկել, սակայն մատյանում առկա ստորագրություններից պարզ է դառնում, որ նրանք գիշերը ժամը երկուսից չորսն ընկած ժամանակահատվածում 2-3 րոպեով բացակայել են սենյակից:
Դատական նիստին ներկայացել էին վկաներ Արամ Սարիբեկյանը և Վահան Ավագյանը:
Վկա Արամ Սարիբեկյանը, որը ամբաստանյալ Վաչե Սահակյանի հետ նույն ննջասենյակում է քնել ծառայության ընթացում, ասում է, որ առհասարակ սովորություն չի ունեցել գիշերները դուրս ու ներս անելու։ Չնայած մատյանում առկա ստորագրությանը, վկան չի կարողանում մտաբերել, որ դուրս եկած լինի։
Լուսավորության հետ կապված վկա Արամ Սարիբեկյանը նշեց, որ գիշերը մութ էր, նրանք անջատում էին լույսը, իսկ միջանցքի լույսով անհնար էր նկատել, ամբաստանյալ Վաչե Սահակյանը սենյակում էր, թե՝ ոչ։
Վկան՝ տեսնելով մատյանում առկա իր ստորագրությունը, միևնույնն է չկարողացավ մտաբերել, որ դուրս է եկել ննջասենյակից։ Նշեց նաև, որ ստորագրում է յուրաքանչյուր դուրս և ներս եկողը, կողքին էլ ՝ հերթապահը։
Վահան Ավագյանը նշեց, որ բոլոր ամբաստանյալներին, ինչպես նաև Հայկազ Բարսեղյանին ճանաչում է, սակայն ոչ մեկի հետ մտերիմ չի եղել, նրանք ուղղակի իր համակուրսանտներն են եղել։ Ամբաստանյալներին բնութագրելիս վկան չնշեց որևէ վատ հատկանիշ։ Բնութագրեց նաև Հայկազ Բարսեղյանին, նշելով, որ նա շատ հանգիստ և խելացի երիտասարդ էր։
Վահան Ավագյանը վերհիշեց, ինչ է իմացել առհասարակ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին։ Նշեց, որ առավոտյան վեր կացից հետո Հայկազը չի եկել մարմնամարզության, և մի քանի տղաներ գնացել են ննջասենյակ տեսնելու, թե ուր է, տեսել են արյունոտ անկողինը և շարժվել դեպի բուժկետ, իսկ ճանապարհին գտել են Հայկազին՝ պտտաձողից կախված վիճակում։
Վահան Ավագյանն ասաց, որ նախորդ օրը մասնակցել են միջոցառման օպերայում, որից հետո եկել են և դադար է եղել, իսկ գիշերը դուրս գալու վերաբերյալ նշեց, որ չի հիշում, որ դուրս եկած լինի։
Վկայի խոսքով, այդ օրը հերթապահ եղել է Թելման Մխիթարյան, օրապահներ ՝ Խաչիկ Մինասյանը և Հարություն Մեսրոպյանը, որոնց հետ այդ դեպքից հետո շփում չի եղել:
Վահան Ավագյանը նշեց, որ մատյանում առկա ստորագրությունն իր ստորագրությանը նման է, սակայն ինքը չի հիշում դեպք, որ գիշերը դուրս եկած լինի։ Նրա խոսքով, հնարավոր է ինքն է ստորագրել, հնարավոր է՝ կեղծված լինի:
Նա ևս նշեց, որ եթե արտառոց որևէ բանի ականատես լիներ, դա իր մեջ կտպավորվեր։ Նրա խոսքով՝ ամբաստանյալներն իրենց կուրսանտների հետ ունեցել են նորմալ հարաբերություններ, հնարավոր է, եղած լինեն կոնֆլիկտներ, սակայն այս պահին չի մտաբերում։
Ամբաստանյալ Մովսես Ազարյանի հարցին, արդյո՞ք Հակազ Բարսեղյանը դեպքի նախորդ օրվա միջոցառմանը գնալուց Վահան Ավագյանի հետ գտնվել է նույն ավտոբուսում, վկա Վահան Ավագյանն ասաց, որ եթե մեկ ավտոբուս է եղել, ուրեմն՝ այո, սակայն նա չի հիշում, որ ավտոբուսում տեսած լինի Հայկազին։
Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է և այս պահին արտերկրում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լիլիթ Խանոյան