Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Մատյանում առկա են այլ անձանց ստորագրություններ. մի քանի կուրսանտներ գիշերը 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում 2-3 րոպեով բացակայել են սենյակից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ ապրիլի 15-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը:

Դատական նիստին ներկայացել էր վկա Հարություն Մեսրոպյանը, որի բացակայությունների պատճառով մոտ մեկ ամիս նիստերը հետաձգվում էին:

Նշենք որ, դեպքի օրը ռազմական ինստիտուտում վկան եղել է օրապահ: Վկայի հարցաքննության ընթացքում փաստաբան Արմեն Նադիրյանը հարց ուղղեց նրան՝ վաշտ մուտքի և ելքի մատյանները ստարագրելու իրավունք ունեցողների վերաբերյալ: Վկան նշեց, որ մատյանները կարող է ստորագրել վաշտի հերթապահը, ինչպես նաև օրապահը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը նշեց, որ այդ մատյանում առկա են այլ անձանց ստորագրություններ:

Դատական նիստի ընթացքում փաստաբան Արմեն Նադիրյանը ներկայացրեց միջորդություն՝ վկաներ Էրիկ Բեգլարյանին և Արամ Սարիբեկյանին կրկին հարցաքննելու վերաբերյալ, քանի որ նախկինում վկաները նշել էին, որ քուն հրամանից հետո սենյակից դուրս չեն եկել, սակայն մատյանում առկա ստորագրություններից պարզ է դառնում, որ նրանք գիշերը 2-ից -4-ն ընկած ժամանակահատվածում 2-3 րոպեով բացակայել են սենյակից:

Տուժող կողմն առարկեց և նշեց, որ բոլորի համար պարզ է, թե ինչի համար կարող են գիշերվա ընթացքում 2-3 րոպեով դուրս գալ սենյակից, բացի այդ, վկաներն արդեն հարցաքննվել են և դժվար թե որևէ նոր բան ասեն:

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը նշեց, որ Էրիկ Բեգլարյանը եղել է Հայկազի մոտ ընկերներից և եթե որևէ նոր բան լիներ, նա հաստատ հայտնած կլիներ: Այնուամենայնիվ, դատարանը միջնորդությունը բավարարեց:

Ավելի վաղ Արմեն Նադիրյանը ևս մեկ միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որում նշված էր, որ վկաներ Սամվել Սերոբյանի, Տիգրան Դեմիրճյանի, Նորիկ Օհանջանյանի, Հովհաննես Պետրոսյանի և Կարեն Բաղրամյանի կողմից դեպքերը ճիշտ ընկալելու, վերարտադրելու և արժանահավատ ցուցմունքներ տալու վրա ոչ ոք չի ազդել, նրանք վախեցած չեն եղել:

Փաստաբան Նադիրյանի համոզմամբ՝ դատահոգեբանական փորձաքննությունը չի կարող պարզել դա:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է և այս պահին արտերկրում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լիլիթ Խանոյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել