Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հունիսի 10-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Արմեն Նադիրյանը և Ազատ Շահբազյանը:
Տարեսկզբին, հունվարի 14-ին, Ա. Նադիրյանը միջնորդություն էր ներկայացրել, Հայկազ Բարսեղյանի անկողնու մոտ հայտնաբերված արյան հետքի վերաբերյալ ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ փորձաքննության ժամանակ սպանված կուրսանտի սենյակում՝ իր անկողնուց քիչ հեռու, հայտնաբերվել էր արյան հետք՝ սակայն այդպես էլ չէր պարզվել, թե դա ում արյունն է և ինչպես է այնտեղ հայտնվել:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել: Դատարանը տեղեկացրել է դեպքի օրը սենյակում գտնվող այլ զինծառայողներին, որպեսզի վերջիններս նույպես փորձաքննությանը մասնակցեն, սակայն նրանց մասնակցության վերաբերյալ տեղեկություններ չկան:
Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ժամանակ խնայելու համար պարզեն, թե արդյոք այդ արյան հետքերը չեն համապատասխանում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի արյանը, և այդ դեպքում նոր պարզել մնացած հանգամանքները:
Դատախազի միջնորդությունը բավարարվեց, առաջնային կստուգվի հայտնաբերված արյան համապատասխանությունը Հայկազ Բարսեղյանի արյանը:
Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Խանոյան


