Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր՝ հունիսի 19-ին, հարցաքննվեց հերթական վկան` նույն տարիներին Հայկազի զինակից ընկեր Արշակ Մարտիրոսյանը։ Արշակը պատմեց, որ մտերմություն է արել տուժողի հետ, սակայն միմյանց միջև արձանագրվել են նաև վեճեր։
Հիշեցնենք՝ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:
Դեպքի նախորդ օրը Հայկազն ու Արշակը վիճաբանել են զինվորականներին ինստիտուտ տեղափոխող ավտոբուսում, ներկա սպաներից մեկը, լսելով, որ կուրսանտները իրար հայհոյում են, չի փորձել սաստել նրանցից որևէ մեկին․ «Ես ու Հայկազը վիճաբանեցինք, որովհետև ինքը կուրսանտներից մեկին նկատողություն արեց, ես էլ ասեցի, որ այդպես չանի, հետո էլ վիճաբանեցինք, իրար հայհոյանքներ ասեցինք, բայց կռիվ չի եղել։ Սպան, որ լսեց հայհոյանքները, հարցրեց․ «Հիմա ձեզնից ո՞վ «փչացավ»», Հայկազն էլ ասաց, որ ոչ մեկ, կատակ ենք անում ու տենց ավարտվեց»,- դրանից հետո երկու կուրսանտները որոշել են առանձին զրուցել, սակայն երեկոյան Արշակին հարմար չի եղել զրույցել Հայկազի հետ, նա առաջարկել է խոսել հաջորդ օրը, ինչին ի պատասխան երիտասարդն ասել է, որ հաջորդ օրն այլևս ինստիտուտում չի լինի՝ առանց պարզաբանելու, թե ուր է մեկնելու. «Հայկազը վատ տրամադրություն չուներ, բայց ասեց, որ 90 տոկոսով հաջորդ օրը ինստիտուտում չի լինի»,- հիշեց վկան։
Արշակը գիշերել է մեկ այլ ննջարանում, առավոտյան լարված իրավիճակ է տիրել ինստիտուտում․ բոլորը Հայկազին են փնտրել, քանի որ նրա անկողինն ամբողջությամբ արյունոտված էր․ «Ամսի 29-ի առավոտը վերկաց տվեցին, խառնաշփոթ էր, ասացին, որ Հայկազը չկա, գնացինք իրանց սենյակ, տեսանք, որ սաղ տեղերը արյուն է, ասեցին իջեք ներքև, իջանք ներքև, աղմուկ լսեցինք, տեսանք, որ կախված է, նրա ոտքի մատները կպնում էին գետնին»,- դաժան դեպքի մանրամասները հիշեց վկան։
Դատարանում այսօր հրապարակվեց նաև նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ գործով անցնող 4 ամբաստանյալները գերիշխող դիրք են ունեցել ինստիտուտում, նրանցից Գնել Թևոսյանը, ով նույն ռազմական հաստատության պետի նախկին տեղակալի որդին էր, արտոնյալ կարգավիճակում էր․ «Գնելն այսպես ասած իրենից գոհ տղա էր, քանի որ գնդապետի տղա էր, հիմնականում շաբաթ-կիրակի օրերին դուրս էր գալիս, հաճախ դուրս էր գալիս շաբաթվա մյուս օրերին»,- նշված էր ցուցմունքում:
Ի դեպ, այսօր դատական նիստը տեղի էր ունենում Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերանորոգված նիստերի դահլիճում։ Գործի դատաքննությունը իրականացնում է նույն դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Գևորգ Թոսունյան