Եթե ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում լիներ պատշաճ վերահսկողություն կուրսանտների նկատմամբ, ապա Հայկազ Բարսեղյանի սպանությունը տեղի չէր ունենար: Նման կարծիք հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը:
Ըստ մեղադրական եզրակացության 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում նույն ուսումնական հաստատության կուրսանտներ՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:
«Ի՞նչ է նշանակում. այնպիսի ուսումնական հաստատությունում, ինչպիսին Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտն է, կերուխում կազմակերպել, խմել, ինչ-որ հաշիվներ մաքրել, որոշակի անձիք ունենան արտոնեություններ, «հեղինակություններ» առանձնանան զինվորների շրջանում, այն էլ այս ամենը՝ նման ռազմական հաստատությունում, սա իմ կարծիքով անթույլատրելի է»,- մեզ հետ զրույցում այսօր ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը:
Նշենք, որ դեպքի օրը հաստատությունում հերթապահել են սպաներ, անգամ ստուգող է այցելել նույն ննջասենյակ, որտեղ քնելիս է եղել Հայկազը, սակայն սպանությունը կանխել հնարավոր չի եղել:
Այս հանցագործությունից հետո սեփական դիմումի համաձայն պաշտոնը լքեց համալսարանի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, իսկ նրա տեղակալը՝ Զարմիկ Թևոսյանը, ում որդին՝ Գնելն, այս գործով ամբաստանյալ է, ազատվեց պաշտոնից:
Ամբաստանյալի աթոռին նստած են չորս զինծառայողներ, որևէ սպա պատասխանատվության չի կանչվել:
«Նման պարագայում ամեն ինչ արմատից է գալիս, կարգապահությունն այնտեղ բարձիթողի է եղել»,- ասաց Անի Թորոսյանը: Այս առումով փաստաբանը հավելեց, որ կողմը ապագայում համապատասխան միջնորդություններով հանդես կգա:
Խոսելով դատաքննությունից՝ նա ասաց, որ մինչ այս դատարանում հարցաքննված որոշ վկաների վրա ակնհայտ ազդեցություն է նկատվում. «Նրանք կամ կաշկանդվում են, չեն ուզում ամբաստանյալների դեմ ցուցմունք տալ, կամ էլ խոսում են իրենց նկատմամբ բռնությունների մասին, ամեն դեպքում շատ վկաներ ունեն հարցաքննելու, կան նաև վկաներ, որոնք բավականին նորմալ ու օբյեկտիվ ցուցմունք են տալիս ու իրենց չի կաշկանդում այն հանգամանքը, որ իրենց նախկին ծառայակիցն այս պահին ամբաստանյալի կարգավիճակում է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ճշտող հարցին, թե արդյոք կաշկանդվածությունը պայմանավորվա՞ծ է ճնշումներով, Անի Թորոսյանն ասաց. «Չեմ կարող հաստատ փաստել, որ ազդեցություն կա, սակայն կաշկանդվածությունը պայմանավորված է նրանով, որ եթե նույն վկան նախաքննության ընթացքում ցուցմունք է տալիս՝ հստակ նշելով փաստեր, հետագայում գալիս է ու սկսում դատարանում հայտնել, որ բռնության ազդեցության տակ է դա ասել, կամ էլ լավ չի հիշում ու սխալ գրել, այստեղ երկու կարծիք կարող է լինել՝ կամ նա ստել է նախաքննության ընթացքում, ինչը քիչ հավանական է, կամ էլ նա ճիշտ է ասել, սակայն ներկայումս որոշ ազդեցություններով պայմանավորված հիմա փորձում է խուսանավել իր տված ցուցմունքներից»:
Դատաքննության ընթացքում հրապարակված նախաքննական ցուցմունքներում կամ էլ դատարանում հարցաքննությունների ժամանակ վկաները գրեթե բոլորը, ովքեր դեպքի օրը եղել են ննջասենյակում նմանաբնույթ ցուցմունքներ են տվել՝ պնդելով, թե գտնվել են դեպքի վայրում, սակայն վախի ազդեցությունից վերմակներով դեմքերը ծածկել են. «Չի բացառվում, որ իսկապես որևէ բան տեսած չլինեն, սակայն ձայները լսել են, անձանց լսել են, գործողություններն ամեն մեկը իր հերթին որոշակի գործողություն նշմարել է: Ես գտնում եմ, որ հնարավոր է կոնկրետ սպանության պահը տեսած չլինեն, բայց եթե նկարագրում են, թե քանի հոգի է եղել, ով որտեղ է կանգնած եղել, ով է հայհոյել, ով է առաջարկել երկտողը գրել, կարծում եմ իրականությանը մոտ է»,- շեշտեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Զրուցեցինք նաև ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պաշտպանի Անահիտ Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ իր պաշտպանյալն ընդհանրապես առնչություն չունի հանցագործության հետ. «Սա բացատրվում է նաև ցուցմունքներով, աղաղակող հակասություններն արդեն իսկ խոսում են այն մասին, որ արժանահավատ չէ, իրավական գնահատականը տալիս է դատարանը, սակայն անզեն աչքերով տեսանելի է, որ Մովսես Ազարյանը սպանության հետ առնչություն չունի»,- շեշտեց փաստաբանը:
Այսօրվա դատական նիստը Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար սույն գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց, քանի որ գործով ներգրավված մեկ այլ ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանը չէր ներկայացել դատական նիստին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով լինելով նույն ուսումնական հաստատությունում՝ որպես կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով ծեծի է ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: