Մայիսի 6-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Նիստին ներկայացել էին երկու վկա՝ Էրիկ Բեգլարյանը և Արմեն Մանասյանը, որոնք դատական քննության ընթացքում արդեն հարցաքննվել էին, սակայն ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդությամբ նրանք կրկին հրավիրվել են դատարան։
Արմեն Նադիրյանը նշել էր, որ վկաները պետք է նորից հարցաքննվեն։ Նախկինում վկաները նշել էին, որ քուն հրամանից հետո սենյակից դուրս չեն եկել, սակայն մատյանում առկա ստորագրություններից պարզ է դառնում, որ նրանք գիշերը ժամը երկուսից չորսն ընկած ժամանակահատվածում 2-3 րոպեով բացակայել են սենյակից:
Դատական նիստի ընթացքում պարզվեց, որ վկա Էրիկ Բեգլարյանը, որը ծառայության ընթացքում Վաչե Սահակյանի հետ միասին է եղել սենյակում, գիշերվա ընթացքում 4 րոպեով բացակայել է ննջասենյակից։
Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին, թե ննջասենյակ մտնելուց տեսե՞լ է արդյոք Էրիկ Բեգլարյանին և Վաչե Սահակյանին, վկան ասաց, որ չի տեսել, քանի որ լուսավորություն չի եղել։
Ամբաստանյալ Վաչե Սահակյանը հերքեց դա՝ նշելով, որ այդպիսի բան լինել չի կարող, քանի որ սենյակում լույսը միշտ միացված է։ Էրիկ Բեգլարյանը նշեց նաև, որ չի հիշում օրապահը տեղում էր, թե՝ ոչ։ Նրա խոսքով, այդ օրը եղել է բուժկետում, իրեն լավ չի զգացել։
Վկա Արմեն Մանասյանը ըստ գրանցամատյանում առկա ստորագրության, այդ գիշեր բացակայել է 2 րոպեով: Նա նշեց, որ չի բացառում՝ բացակայած լինի, սակայն բացառում է, որ ստորագրությունն իրենն է։ Վկան նշեց, որ հնարավոր է այլ անձինք ստորագրեն իրենց փոխարեն։
Նա սակայն չհիշեց դեպք, որ խնդրած լինի իր փոխարեն ստորագրել։ Մատյանում 4 ստորագրություն է եղել Արմեն Մանասյանի անվան դիմաց, որոնցից, իր պնդմամբ, միայն մեկն է իր ստորագրածը։
Հայկազ Բարսեղյանի սպանության մասին, Արմեն Մանասյան անձամբ է իմացել, երբ գոռոցներ են լսվել, մոտեցել են ու մի քանի մետր հեռավորությունից տեսել կուրսանտին՝ կախված վիճակում:
Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Մանրամասները՝ տեսանյութերում
Լիլիթ Խանոյան