Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Գնելն ասել է, որ ձայն չհանեմ, հակառակ դեպքում կհայտնվեմ Հայկազի կողքին` կախված. տուժող կուրսանտ

Փաստաբան Արա Զաքարյանն այսօր նախազգուշացում ստացավ` 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործի շրջանակներում: Արա Զաքայանը այս գործով անցնող ամբաստանյալներից Գնել Թևոսյանի իրավունքների պաշտպանն է, վերջին նիստերից մեկին նա չէր ներկայացրել` առանց նախազգուշացնելու դատարանին:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը փաստաբանին առաջարկեց պարզաբանումներ ներկայացնել, Արա Զաքարյանն ասաց, որ վատառողջ է եղել ու չի կարողացել ներկայանալ նիստին, դատավորը, չնայած հայտարարեց, որ փաստաբանի բարեխղճությանը վստահում է, այդուհանդերձ, ըստ Դավիթ Հարությունյանի, նա հնարավորություն ուներ նախապես տեղեկացնելու իր բացակայության մասին, ուստի դատավորը նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա` նախազգուշացման տեսքով:

Նիստը շարունակվեց տուժողների հարցաքննությամբ: Սկսվեց տուժող Տիգրան Մանասերյանի հարցաքննությունը: Զինծառայողը հայտնեց, որ իր և ամբաստանյալների հարաբերությունները եղել են լարված, նա պարզաբանեց, որ ինքը զորամասում ծառայող սպաներից մեկի բարեկամն է, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ հարաբերությունները լարվեն:

Դատախազը առաջարկեց նկարագրել ամբաստանյալներին, Տիգրանը, բնութագրելով ամբաստանյալ Մովսես Ազարյանին, ասաց, որ նա շատ «աֆերիստ և տափուկ» անձ էր, այս գնահատականը դուր չեկավ ամբաստանյալին, նա տեղից խոսեց, դատավորը երկուսին նկատողություն արեց: Մյուսներին տուժողը դրական բնութագրեց:

Տուժողի և ամբաստանյալների հարաբերությունների լարվածությունն ունեցել են նաև բացասական հետևանքներ, նրանք վիճաբանել են ու իրար ծեծել. «Հետները վիճաբանություններ են եղել, ծեծի եմ ենթարկվել իրանց կողմից: 2014թ. նոյեմբեր ամսին շարքում խոսեցի, վիրավորեց Վաչե Սահակյանն ինձ, հետո քաշքշուկ սկսվեց ու ծեծկռտուք: Որ վիրավորեց, հարցրի` խի՞ ես վիրավորում, էկավ հրեց, ուզում էի իրան հրել, եկան ծեծեցին, ինքն էր Ազարյան Մովսեսն ու Սահակյան Նորիկը»,- նշեց տուժողը` հավելելով, որ վիճաբանություն է եղել նաև Գնել Թևոսյանի հետ, սակայն ո՛չ օրը, ո՛չ էլ ամիսը չկարողացավ վերհիշել:

Խոսելով Հայկազ Բարսեղյանի մահվան դեպքի մասին` տուժողը միայն հիշեց հետևյալը. «Գիշերը 3:30-ի 5-ի կողմերն եմ քնել, տեսել եմ Գնելին, ինչքան հիշում եմ` նա կրում էր սպարտիվկա, վերևն եմ տեսել: Մեկ էլ հիշում եմ, որ առավոտյան իջանք, ձայներ լսեցինք, թե մեկը կախված է բան ու այդպես»:

Տուժողը հայտնեց, որ ժամացույց չի կրել, այդուհանդերձ նա դեպքի օրը ժամի վերաբերյալ կողմնորոշվել է, քանի որ ամեն օր նույն ժամերին արթնանում է: Տուժողին տարօրինակ է թվացել, որ Գնելը սպորտային համազգեստով է, սակայն ոչինչ չի հարցրել, շարունակել է քնել:

Հարցաքննությունից հետո մեղադրողն ասաց, որ տուժողի դատարանում տրված ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին, խնդրեց հրապարակել դրանք: Միջնորդությունն ընդունվեց:

Նախաքննության ընթացքում, տուժողը նույնպես նկարագրել է չորս ամբաստանյալներին, մասնավորապես Գնել Թևոսյանի վերաբերյալ հայտնել. «Գնելը երես առած տղա է, նրա հայրը բարձր պաշտոն է զբաղեցրել զորամասում, ուստի իրեն բարձր էր դասում մյուսներից: Չորս անձիք գերիշխող դիրք էին զբաղեցնում, բոլորը խուսափում էին նրանց հետ հարցեր ունենալուց»,- նշենք, որ Գնել Թևոսյանը համալսարանի պետի նախկին տեղակալի որդին է:

Ըստ ցուցմունքի՝ դեպքի օրը՝ առավոտյան, Տիգրանն արթնացել է ու զինծառայողներից տեղեկացել, որ Հայկազի անկողինն ամբողջությամբ արյունոտված է, սակայն նա չկա, որոշ ժամանակ փնտրել են կուրսանտին, այնուհետև իրենց հայտնել են, որ նա կախված է սպորտային ավանում:

Բացի այդ, նախաքննական մարմնին տուժողը նաև հայտնել է, որ նույն օրը շփվել է Գնելի հետ, նրան տեղեկացրել, որ սպորտային հագուստով տեսել է գիշերը, իսկ Գնելն իրեն սպառնացել է. «Գնելն ասել է, որ ձայն չհանեմ, հակառակ դեպքում կհայտնվեմ Հայկազի կողքին»,- ասել է զինծառայողը:

Բացի այդ, նրա ցուցմունքում առկա են դրվագներ որոնք վերաբերում են զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերություններին, մասնավորապես՝ տուժողը պատմել է, որ չորս ամբաստանյալները համալսարանում ունենալով գերիշխող դիրք, մշտապես օգտվել են այդ արտոնեությունից՝ դրամահավաքությամբ զբաղվել. «Եղել է Վաչեի ծննդյան օրը, դրանից առաջ Մովսեսը բոլոր տղերքից 500 դրամ է վերցրել, բոլորը տվել են ու Վաչեին նվեր են առել»,- պատմել է կուրսանտը, իսկ Գնել Թևոսյանի վերաբերյալ հայտնեց. «Գնելը հոր շնորհիվ էր, որ ազատ ելումուտ էր անում ինստիտուտում (ներկայումս ռազմական ուսումնական հաստատությունը համալսարան է կոչվում, նախկինում ինստիտուտ էր.-հեղինակ) ու սպաներից ոչ մեկ նրան ոչինչ չէր ասում»:

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության` Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել