Այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը:
Վկան չէր ներկայացել՝ դատական նիստի կայանալու մասին անտեղյակ լինելու պատճառով , սակայն դատարանը նշեց, որ վակն ծանուցվել է:
Դատարանը նշեց, որ անհասկանալի է փաստաբանների դատական նիստին չներկայանալը: Դատավոր Դավիթ Հարությունյանն անդրադարձավ փաստաբան Արա Զաքարյանին, նշելով, որ մեկ ժամ առաջ ունեցել է ևս մեկ նիստ, որին ևս, անհայտ պատճառներով, չի ներկայացել:
Վկայի և մնացածների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Դատարանը նշեց, որ կանդրադառնա բացակայություններին հաջորդ դատական նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է և այս պահին արտերկրում է:
Լիլիթ Խանոյան