Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

 Պարզվել է, որ արյան հետքերը 99․99%-ով համընկնում են Հայկազ Բարսեղյանի արյան հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հուլիսի 15-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: 

Տարեսկզբին, հունվարի 14-ին, Ա. Նադիրյանը միջնորդություն  էր ներկայացրել, որպեսզի Հայկազ Բարսեղյանի անկողնու մոտ հայտնաբերված արյան հետքի վերաբերյալ ԴՆԹ փորձաքննություն անցկացվի:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ փորձաքննության ժամանակ սպանված կուրսանտի սենյակում՝ իր անկողնուց քիչ հեռու, հայտնաբերվել էր արյան հետք՝ սակայն այդպես էլ չէր պարզվել, թե դա ում արյունն է և ինչպես է այնտեղ հայտնվել: 

Դատարանը հայտարարեց, որ հայտնի են ԴՆԹ փորձաքննության արդյունքները․ պարզվեց, որ հայտնաբերված արյան հետքերը 99,99 տոկոսով համընկնում են Հայկազ Բարսեղյանին բնորոշ ԴՆԹ-ին։

Փաստաբան Արմեն Նադիրյանը մի քանի միջնորդություն ներկայացրեց,  որպեսզի վկաները և ամբաստանյալներն անցնեն դատաֆիզիոլոգիական փորձաքննություն՝ վկայություն տան պոլիգրաֆ սարքի (ստի դետեկտորի) օգնությամբ։ 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Անի Թորոսյանը նշեց, որ այդ փորձաքննության արդյունքները չեն կարող հանդիսանալ հավաստի ապացույցներ, քանի որ մարդիկ կան, ովքեր կարող են խաբել սարքին։

Դատարանը մերժեց Ա․ Նադիրյանի միջնորդությունը, գտնելով, որ դատաֆիզիոլոգիական փորձաքննության արդյունքները, ինչպիսին էլ լինեն, չեն կարող հանդիսանալ որպես ապացույց։ 

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը ոստիկանության «Սեկտ» համակարգից հարցման միջոցով տեղեկանա, թե արդյոք Սամվել Սերոբյանը, ով Հայկազի սենյակակիցն է եղել և նախկինում 13 իրարամերժ ցուցմունք է տվել, վերադարձե՞լ է Հայաստան, թե՝ ոչ:  պաշտպանական կողմի Ս․ Սերոբյանը պետք է կրկին հարցաքննվի։ Ինչպես նաև, ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը նշեց, որ Ս․ Սերոբյանը չի առերեսվել իր վստահորդի հետ, ինչը հանդիսանում է իր վստահորդի իրավունքի ոտնահարում։ Առարկություններ չհնչեցին, դատարանը բավարարեց միջնորդությունը։ 

Ա․ Նադիրյանը ներկայացրեց նաև ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ ամբաստանյալների կենսաբանական տվյալների ճշտման փորձաքննության վերաբերյալ, սակայն քանի որ Ա․ Զաքարյանը չէր ներկայացել դատական նիստին, դատարանը որոշեց միջնորդության վերաբերյալ քննարկումը հետաձգել։

Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 12-ը։

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է և այս պահին արտերկրում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիլիթ Խանոյան 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել