Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հունիսի 25-ին, տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանում ուսումնասիրվեցին ամբաստանյալներից Վաչե Սահակյանի հետ վկաների առերեսման տեսանյութերը՝ քննիչի աշխատասենյակում:
Գործը քննվում է դատարվոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Առերեսումները տեղի են ունեցել 2015 թվականի ապրիլին:
Վաչե Սահակյանի առաջին առերեսումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան Մովսես Ղազարյանի հետ:
Ղազարյանի խոսքով՝ Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի գործողություններն են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հասցրել մահվան: Այնուհետև նա լսել է, թե ինչպես են գործով ամբաստանյալները որոշել ամեն ինչ այնպես «դասավորել», որ թվա, թե Հայկազ Բարսեղյանը ինքնասպան է եղել:
«Գնել Թևոսյանը հեռացավ սենյակից 40-50 րոպեով: Հետո հետ ա եկել սենյակ ու ասել, որ եթե ինչ-որ մեկը տեղի ունեցածի մասին մի բան ասի ու հայհոյել ա»,- Մովսես Ղազարյանը հավելում է նաև, որ սենյակում մութ է եղել, սակայն ինքը Վաչե Սահակյանին ճանաչել է նրա կազմվածքից, հագուստից, ինչպես նա դեմքի դիագծերից, ինչքան որ հասցրել է տեսնել:
Մովսես Ղազարյանը նշում է նաև, որ Վաչե Սահակյանը նշված գործողությունների ընթացքում հիմնականում բռնել է մահացած կուրսանտի ոտքերը: Առերեսման ժամանակ սակայն Վաչե Սահակյանը հայտարարել է, թե Մովսեսը ստում է, քանի որ վախեցած է, ինչը վերջինս հերքում է. «Չեմ ստում, ես այդ ամենը իմ աչքերով եմ տեսել»:
Առերեսման ժամանակ Մովսես Ղազարյանի հարցին, թե ինչո՞ւ է Սահակյանը և իր ընկերները սպանել կուրսանտ Բարսեղյանին, ամբաստանյալը նշում է, որ ինքը չի սպանել:
Վաչե Սահակյանը առերեսումներից մի քանիսի ժամանակ ագրեսիվ պահվածք է դրսևորում և փորձում է հարձակվել վկաների վրա: Ինքը՝ ամբաստանյալը խնդրեց, որպեսզի այդ հատվածները դատարանում չհրապարակվեն:
Դատարանը մասնակի հրապարակեց նաև Գևորգ Վարդանյանի և Թելման Մխիթարյանի հետ Վաչե Սահակյանի առերեսման տեսանյութերը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Եվգենյա Համբարձումյան