Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարցաքննվեց հերթական վկան

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Ռազմական ոստիկանությունից վերադարձած զինծառայողները Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սկսել են պատմել, որ սպանությունը հաշվեհարդարի արդյունք է։

Հիշեցնենք՝ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Հունիսի 12-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց հերթական վկան՝ նույն տարիներին որպես կուրսանտ ծառայած Էրիկ Բեգլարյանը։ Նա ասաց, որ ինստիտուտում խոսակցություններ են պտտվել, թե դեպքից առաջ Հայկազը հայհոյանք է հնչեցրել ամբաստանյալների հասցեին, թեև հայհոյանքը եղել է անհասցե, սակայն 4 կուրսատներին հայտնել են այդ մասին․ «Ինչ-որ մեկը գնում է նրանց ասում է, որ ձեր հասցեին նման բան է ասվել, բայց նրանց հասցեին չեն ասել։ Դա լսել եմ, ես ներկա չեմ եղել»,- հարց հնչեց, թե այդ մասին վկային պատմողն անձա՞մբ է լսել հայհոյանքը․ «Տվյալ մարդիկ, որ գնացել են Ռազմական ոստիկանություն, ինձ թվում է այնտեղ են նրանց պատմել»,- պատասխանեց վկան՝ համաձայնվելով այն մտքի հետ, որ Ռազմական ոստիկանությունում են այդ սցենարը ներկայացրել զինծառայողներին։

Ուստի, դեպքից չորս օր անց, ինստիտուտում խոսակցություններ են եղել, որ հենց չորս երիտասարդներն են Հայկազին սպանել: Դատավոր Դավիթ Հարությունյանը վկայից հետաքրքրվեց` եթե նման խոսակցություններ են եղել, ապա որևէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ինչպես է ստացվում՝ մարդուն սպանում են, սակայն ականատեսներ չեն լինում, վկան պատասխանեց, որ նման հարց ուղղել է վարկածները շրջանառողներին, ովքեր հայտնել են, թե իրենք իրենց հերթին այդ մասին տեղեկացել են Ռազմական ոստիկանությունում։

Նույն խոսակցությունների մակարդակում վկային հայտնի է, որ ամբաստանյալները սպառնացել են դեպքի օրը ննջարանում գտնված կուրսանտներին. «Անգամ ասել են, որ կմորթեն»,- նշեց նախկին կուրսանտը:

Դատարանում վկան անդրադառնալով մինչև դեպքի օրը Հայկազի և ամբաստանյալների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություննրին, հայտնեց, որ մինչ այդ կոնֆլիկտ է ծագել տուժածի և ամբաստանյալ Մովսես Ազարյանի միջև։ Ըստ Էրիկի՝ վիճաբանությունն առաջացել է այն բանից հետո, երբ Հայկազը սկսել է կշտամբել կուրսանտներից մեկին՝ փնթի պահվածքի համար, մոտեցել է Մովսեսը և առաջարկել ավելի ուշ առանձին զրուցել, այդ խոսակցությանը Էրիկը նույնպես մասնակցել է, ու ամեն ինչ ավարտվել է ընդհանուր հասկացողության մթնոլորոտում։

Այնուհետև վկան գնացել է բուժկետ, քանի որ գլխացավ է ունեցել, վերադարձել է 11:00-ի սահմաններում և հանդիպել Բարսեղյանին. «Հայկազը զուգարանից ուրախ-ուրախ դուրս էր գալիս, խոսեցինք ու գնացինք քնելու»,- ասաց զինծառայողը և հավելեց, որ Հայկազին տխուր երբեք չի տեսել:

Գիշերը սպանության ականատեսը չի եղել, միայն առավոտյան բոլորով վեր են կացել և նկատել, որ Հայկազի անկողինն արյունոտված է․ «Բոլորս միանգամից խառնվեցինք իրար, ես մի պահ մտածեցի, թե կատակ են արել, ատամի մածուկ են օգտագործել, հետո որ իմացանք, որ արյուն է, լրջացանք, սկսեցինք փնտրել ու տեսանք, որ կախված է: Մեզ չթողեցին դիակին մոտենալ: Վաչե Սահակյանն ասաց, որ չխառնվենք, չմոտենանք, մարդ կար, որ ուշքը գնաց, մարդ կար լացում էր, չէր կարողանում դիմանալ»,- հիշեց վկան:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել