Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ մարտի 29-ին, շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը։ Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ներկայացրեց պաշտպանական ճառը, որը կազմված էր մոտ 60 էջից։
Ճառի սկզբում պաշտպանը նշեց, որ ոչ միայն Հայկազի ծնողները, այլ նաև ամբողջ հասարակությունը կորցրել է մի երիտասարդի, ով դեռ շատ անելիքներ ուներ այս կյանքում։ Ըստ նրա՝ այս քրեական գործով կատարվել է «աննախադեպ թերի, մակերեսային, միակողմանի և ոչ օբյեկտիվ նախաքննություն»։ Բացի այդ, վկաները տվել են իրարամերժ ցուցմունքներ։
«Բարսեղյանի պահարանում հայտնաբերվել է ձեռագիր գրառմամբ թղթի կտոր, որի վրա գրված է եղել․ «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա։ Քաշքշուկի համար կներեք»։ Դեպքից ժամեր անց որպես վկա հարցաքննված Սամվել Սերոբյանը հայտնել է, որ նշված գրառումը կատարել է Հայկազ Բարսեղյանը, իր զինծառայակից Գնել Թևոսյանի թելադրանքով և իր համար շատ տարօրինակ է եղել, որ Հայկազը գրել է առանց ձայն հանելու․․․ Նույն ցուցմունքում հայտնել է նաև, որ Հայկազ Բարսեղյանին հագցրել ու ննջասենյակից դուրս են բերել Գնել Թևոսյանն ու Վաչե Սահակյանը, իսկ դրանից հետո Գնել Թևոսյանի կողմից ննջարան վերադառնալու և տեսածի մասին բարձրաձայնողների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին ոչինչ չի հայտնել։ Նույն օրը, մի քանի ժամ հետո տված ցուցմունքում պնդել է նախորդ ցուցմունքը և նշել, որ ավելացնելու ոչինչ չունի։ Իսկ արդեն 2015-ի փետրվարի 2-ին, լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտնել է, թե Վաչե Սահակյանն է առաջարկել Բարսեղյանի անունից վերոնշյալ բովանդակությամբ գրություն գրել և ամենայն հավանականությամբ այն գրել է Մովսես Ազարյանը․․․ Փետրվարի 7-ին Սերոբյանը պնդել է, թե Հայկազ Բարսեղյանը իրականում ոչ մի գրություն չի գրել։ Ցուցմունքների տարբերությունը պատճառաբանել է վախեցած և շփոթված լինելով»,-նշեց Նադիրյանը։
Փաստաբանը նշում է, որ վարույթն իրականացնող մարմինը ընդունել է վկայի նման «պատճառաբանությունը» և փորձ չի կատարել անգամ կամ չի ցանկացել հարցադրումներով պարզել, թե ինչ կապ ունի վախեցած կամ շփոթված լինելը մի ամբողջական գործողություն նկարագրելու հետ։
Նադիրյանի խոսքով՝ Վաչե Սահակյանին առաջադրված մեղադրանքը քրեական գործով ձեռք բերված կամ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված չէ․ «Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումներում որպես շարժառիթ ներկայացված՝ հետագայում ծառայության համար հեշտացված պայմաններ ստեղծելու, համածառայակիցների վրա ներազդելու և վախի մթնոլորտ սերմանելու, սեփական անձի ենթադրյալ առավելությունները և գերակայությունը ընդգծելու չնչին շարժառիթը ընդհանրապես հիմնազուրկ է, քանզի քրեական գործով որպես վկա հարցաքննված գրեթե բոլոր կուրսանտների և սպայական անձնակազմի ցուցմունքներից հետևում է, որ ամբաստանյալները միշտ էլ վայելել են իրենց համածառայակիցների հարգանքը, այսպես կոչված լիդերներ են եղել»։
Ըստ Նադիրյանի՝ դիակի, զորամասի մարզահրապարակի և Հայազ Բարսեղյանի ննջասենյակի զննությամբ կարող էր առաջ քաշվել ոչ միայն կուրսանտի սպանության, այլ նաև՝ ինքնասպանության վարկածը։
Նշենք, որ դատաքննության ընթացքում դատաբժիշկ Վիգեն Ադամյանը ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով 2016 թվականի մարտի 3-ի նիստի ժամանակ բացառել է տղայի ինքնասպանության վարկածը։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն, Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, իսկ կախվելու հետևանքով առաջացած ճմլման ակոսը եղել է հետմահու, ինչը ապացուցում է, որ նա ինքնուրույն կախվել չէր կարող։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Եվգենյա Համբարձումյան