Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Կուրսանտի պարանոցի վրայի ճմլման ակոսիկներն առաջացել են մահից հետո. փորձագետ

Ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյան սպանության գործով այսօր Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավարությունը: Հարցաքննության համար դատարԱն էր կանչվել այս գործով փորձագիտական եզրակացություն ներկայացրած դատաբժիշկ-փորձագետ Վիգեն Ադամյանը:

Հարցաքննության ժամանակ նա հայտնեց, որ կուրսանտի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, կոտրված է եղել ենթալեզվային ոսկորը, որը, ըստ տեսության, կարող էր լինել թե ձեռքով խեղդելու հետևանքով, թե կախվելու: Սակայն տվյալ պարագայում պարանոցին առկա ճմլման ակոսիկները առաջացել են մահից հետո, հետևաբար, մահն առաջացել է մինչ կախվելը: Մեղադրող դատախազի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ խեղդած լինեին ձեռքով, փորձագետը պատասխանեց, որ եթե պարանոցին հայտանաբերված լինեին նաև եղունգների հետքեր, քերծվածներ, ապա կարող էր հաստատել դա, սակայն տվյալ դեպքում, երբ չկան նման քերծվածքներ ոչ բացառում է, ոչ հաստատում: Իր եզրակացության մեջ նշել է, որ մահն առաջացել է պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմելու հետևանքով:

Նրա խոսքով, մեխանիկական շնչահեղության ընթացքում Հայկազ Բարսեղյանն ինքնուրույն շարժում կատարելու կարողություն է ունեցել: Պաշտպանների այն ճշտող հարցին, թե արդյո՞ք նա կարող էր դրանից հետո կանգնել, շարժվել, կախվել պտտաձողից, փորձագետը պատասխանեց, որ ձեռքը շարժելն էլ նշանակում է ինքնուրույն շարժում: Սակայն եթե ինքը եզրակացության մեջ նշում է, որ պարանոցի ճմլման ակոսիկները մահից հետո են առաջացել, ապա հասկանալի է, որ նա չէր կարող ինքնուրույն մոտենալ և կախվել պտտաձողից:

Փորձագետը հայտնեց նաև, որ հենց շնչահեղձության պահին կարող է մարդը ինքնուրույն շարժում կատարել, օրինակ պաշտպանվելու նպատակով խեղդողին հետ հրել, սակայն շնչահեղձությունից հետո նա կորցնում է գիտակցությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել