Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը:
Սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ամբաստանյալ Գնել Թևոսյանի այն դիտարկմանը, թե առաջադրված մեղադրանքը ապօրինի է և մի քանի ժամվա ընթացքում է նախաքննական մարմինը որոշել, որ ինքնասպանություն չէ, այլ սպանությունը, նշեց. «Նախկին պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ինձ ասել է, որ նախնական վարկածը ինքնասպանություն է՝ ինձ հանգստացնելու համար, բայց նշել է, որ դատաբժիշկները աշխատում են: Ոչ ոք չի ասել, որ դա հաստատ ինքնասպանություն է»:
«Շուտով ամեն ինչ կպարզվի, ես էլ Ձեզ հետ կգամ Ձեր տղայի շիրիմին: Ես աստվածապաշտ մարդ եմ»,-նշեց Գնել Թևոսյանը:
Ամբաստանյալը նշում է, որ վկաներին համոզել են, վախեցրել են ու ստիպել, որ իր դեմ խոսեն:
«Հիմա դու ուզում եմ ասել, որ 30-ից ավելի վկա սուտ ցուցմո՞ւնք է տվել: Սցենարով եկել խոսում ես, բայց հիմա մեղադրում ես այդ 30-ին: Ոչ ոք քեզ ճնշումների չի ենթարկվել: Տենց խոսակցություն չի եղել: Մնացած ամբաստանյալների մասով ասել են, որ լավ տղա են, լավ են սովորում, բայց քո ու Մովսես Ազարյանի մասով ոչ մեկ լավ բան չի ասել: Դու հիմա ասում ես, որ ուրիշ տեղ ասում են՝ վատն ես, այստեղ ասում են՝ լավն ես: Էդ մարդիկ այստեղ նստած ասում են, որ վախենում են քեզնից»,-նշեց Արկադի Բարսեղյանը:
Ամբաստնյալը մինչև վերջ պնդեց, որ սպանված կուրսանտի սենյակ ինքն այդ օրը չի մտել:
«Ես Հայկազ Բարսեղյանի հետ կոնֆլիկտի պատճառ չեմ ունեցել: Հայկազի սենյակ ես մտել եմ իմ հերթապահության ժամանակ: Ես սպանության գիշերը Բարսեղյանի սենյակում չեն եղել: Իմ սենյակը 15-20 մետր հեռու է նրա սենյակից»,-նշեց ամբաստանյալը:
Եվգենյա Համբարձումյան