Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով այսօր դատարանում չորս միջնորդություն քննարկվեց, բայց դրանց հարցի լուծումը հետաձգվեց հաջորդ նիստին:
Կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն իրականացնելու միջնորդությամբ հանդես եկավ Անահիտ Հովհաննիսյանը՝ խնդրելով նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, պարզելու մասնավորապես` իր պաշտպանյալի Մովսես Ազարյանի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, նրա հոգեբանական նկարագիրը:
Երկրորդ միջնորդությամբ տիկին Հովհաննիսյանն առաջարկեց դատարան կանչել ու հարցաքննել մի քանի վկաների, դատարանը հետաձգեց այս երկու միջնորդությունների քննությունը:
Հաջորդիվ փաստաբանների կողմից կրկին հարց բարձրացվեց մինչ այս նշանակված և դատարանում հետազոտված դատահոգեբանական փորձաքննությունն անվավեր ճանաչելու մասին:
Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանում հետազոտվել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ նշանակված փորձաքննությունը, որով քրեական գործին էին ծանոթացել և դատարան ներկայացել փորձագետներ Էլդա Աբրահամյան և Մարիամ Մեհրաբյանը:
Նրանք նշել էին, թե սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի պահարանում կախված բաճկոնի գրպանում հայտնաբերված այս գրությունը տուժողը չի գրել: Գրության մեջ ասվում էր. «Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար, կներեք»:
«Մենք կանգնել են իրավական խնդրի առաջ: Ճիշտ է՝ դատարանի դիրքորոշումն է, որ միգուցե, քանի հոգեխրոնիկան խանգարումներով անձի ցուցմունքների գնահատման վերաբերյալ չէ, ապա տրամաբանորեն պետք է դա հետազոտվի հոգեբան-փորձագետի կողմից, մինչդեռ օրենսդիրը հստակ, իմպերատիվ է նշել, որ այդ հարցի պարզաբանումը բացառապես փորձագետի լուծման, պարզաբանման խնդիր է: Փակուղային իրավիճակից դուրս գալու համար, հարկավոր է ճանաչվի այս եզրակացության անթույլատրելիությունը, որից հետո նշանակվի նոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն»,- նշեց ամբաստանյալներից մեկի պաշտպան Արմեն Նադիրյանը:
Այս միջնորդության լուծման հարցն էլ հետաձգվեց: