Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

115 մլն ՀՀ դրամ յուրացնելու գործով առանցքային ցուցմունք եղավ դատարանում

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին, Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուսների գործով ցուցմունք տվեցին ամբաստանյալներից երեքն, այդ թվում՝ հիմնարկի պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ այս գործով դեպարտամենտի նախկին ղեկավարի՝ Միսակ Մարտիրոսյանի և հիմնարկի մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կայուն խումբ ստեղծելու և այդ խմբով տևական ժամանակ ՀՀ պետական բյուջեից շուրջ 115.782.033 ՀՀ դրամի չափով գումար յուրացնելու համար:

Գեղամ Գրիգորյանը մեղադրանքի մասին դիրքորոշում հայտնելիս ընդգծեց, որ ինքը որևէ գումար չի յուրացրել և կայուն խմբի մեջ չի եղել: Ի դեպ, այս ամբաստանյալի անունը հաճախ է հիշատակվել 80 վկաներից շատերի նախաքննական ցուցմունքներում, նրանք պնդել են, որ աշխատանքի ընդունվելու կապակցությամբ այս կամ այն առիթով առնչվել են Գեղամ Գրիգորյանի հետ, նրա խորհրդով հանձնել փաստաթղթերը, ստացել բանկային քարտ, սակայն աշխատանքի չեն գնացել, իսկ որոշ ժամանակ անց էլ աշխատանքից հեռացման դիմում են գրել:

Գեղամ Գրիգորյանն իր ցուցմունքում ասաց, որ 2008թ.-ից աշխատել է դատական դեպարտամենտում, 2009-ից պետի տեղակալի պաշտոնին է նշանակվել, նույն տարի իր վերադասի՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության նախկին պետ Արմեն Մովսիսյանի կողմից առաջարկ է եղել բանկային երկու քարտ պահել, որոնք ձևակերպել է իր հարազատների անունով, առաջինով ամսական ստացել է 45 հազար ՀՀ դրամի չափով գումար, մյուսով՝ 46-47 հազար ՀՀ դրամ, ոչ մեկին այդ գումարը չի տվել, ինքն է յուրացրել: Նա նաև տեղեկացրեց, որ վերադասի հրահանգով հաշվապահին իր գրպանից 40 հազար ՀՀ դրամի չափով գումար է տվել (հաշվապահի ցուցմունքն` այստեղ):

Ինչ վերաբերում է մարդկանց հավաքագրելու և նրանց բանկային քարտերով գումար յուրացնելու մեղադրանքին ու վկաների ցուցմունքին, ապա ամբաստանյալն ասաց. «Ոչ մեկի չեմ հավաքագրել, մեռած հոգի են ասում, թե ի՞նչ, նման մարդ չեմ բերել, ոչ մեկից ազատման ու ընդունման դիմում չեմ վերցրել»: Նա իր նկատմամբ մեղադրանքը մեկնաբանեց` որպես հանրապետությունից բացակայելու հետևանք. «2013թ.-ին հուլիսին հանրապետությունում չեմ գտնվել, ամսի 16-ին եկել եմ հանրապետություն, իմացել եմ, որ գործ է հարուցված, Մովսիսյանն ասել է, որ իմ նկարներն է դուրս եկել, խորհուրդ է տվել երկրից գնամ, ամսի 18-ին սահմանը լքել եմ Բագրատաշենով: Նոյեմբերին իմացել եմ, որ բոլորն ինձ են մեղադրում և ինքնակամ վերադարձել եմ Հայաստան»:

Ամբաստանյալի փաստաբանը նշեց, որ բազմաթիվ վկաների ցուցմունքներով՝ նա ստաժ է առաջարկել, Գեղամ Գրիգորյանը նշեց. «Սուտ են ասում այնքանով, որ գրածների 90 տոկոսը ինձ չճանաչեց, նման հանձնարարություն ոչ մեկի կողմից ինձ չի եղել, ես ոչ մեկի չեմ հավաքագրել: Նրանց արարքը հիմնականում պատճառաբանում եմ նրանով, որ խառնաշփոթ է եղել, բոլորը տեղյակ են եղել, որ ես հանրապետությունում չեմ, մարդիկ մի բան գրելու տեղը, գրել են Գրիգորյան Գեղամ»:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել