«Իմ ներկայությամբ ինքը ոչ մեկին շոր չի բաժանել»․ կուրսանտի գործով վկան՝ սպանությանը նախորդած գիշերվա մասին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական նիստը։

Այսօր կրկին հարցաքննվեց վկա Նորիկ Օհանջանյանը։ Հայկազ Բարսեղյանի հոր՝ Արկադի Բարսեղյանի հարցերին, թե՝ սպանությունից ժամեր առաջ արդյո՞ք Հայկազ Բարսեղյանը փորձել է իր իրերը բաժանել կուրսընկերներին՝ պատճառաբանելով, որ ինքը հաջորդ օրն այլևս այդտեղ չի լինելու։ Վկան պատասխանեց, որ այդպիսի դեպք չի եղել։

«Օպերայից վերադառնալուց հետո Հայկազ Բարսեղյանը լավ տրամադրություն է ունեցել, ես ուրիշ բան չեմ նկատել։ Իմ ներկայությամբ ինքը ոչ մեկին շոր չի բաժանել։ Ես դրա մասին չեմ էլ լսել»,-ասաց վկան։

Նշենք, որ գործով վկա Նորիկ Օհանջանյանը երկրորդ անգամ է հարցաքննվում՝  Գնել Թևոսյանի պաշտպանի՝ Արա Զաքարյանի միջնորդությամբ։

Ամբաստանյալների պաշտպանը հարց ուղղեց Նորիկ Օհանջանյանին․-«Սպաներ Ավետիսյանը և Բեգլարյանը իրենց ցուցմունքներում նշել են, որ Հայկազի անկողնուց անհետանալուց հետո, երբ անկողինը հայտնաբերվել է արյունոտված, քեզ հարցրե՞լ են, թե ի՞նչ է պատահել գիշերը»։ Վկան բոլոր հարցերին պատասխանեց, որ չի հիշում։

Օհանջանյանը նաև դատարանում հայտարարեց, որ իրեն զանգահարել են ամբաստանյալներ Գնել Թևոսյանի և Մովսես Ազարյանի հարազատները և առաջարկել են հանդիպել, սակայն նա մերժել է։ Օհանջանյանի խոսքով՝ նրանք ցանկացել են հանդիպել, որ ինքը փոխի իր ցուցմունքը։

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է և այս պահին արտերկրում է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել