Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 8-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով նիստը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի ընթացքում հարցրեց Ռոբերտ Քոչարյանին, թե ինչպիսին են պայմանները ՔԿՀ-ում և, արդյոք խցում այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ աշխատակիցներն աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են: Ոչ ոք չգիտի, թե աշխատանքային օրվանից դուրս նրանք ինչով են զբաղվում․ «90 տոկոսը երիտասարդներ են: Դա նշանակում է, որ առնվազն 50 տոկոսն իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ասիմպտոմատիկ է լինելու։ Ես հիմա խցում սեփական ցանկությամբ մենակ եմ: Բայց շփումներ անձնակազմի հետ կան, այլ կերպ անհնար է: Անհնար է հեռավորություն պահպանել շենքում տեղաշարժվելիս»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ այդ հարցով նրանք դիմել են նաև մարդու իրավունքների պաշտպանին։