Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ ապրիլի 2-ին, շարունակվում է Մարտի 1-ի գործի քննությունը։
Դատարանը որոշեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ, մարտի 23-ի նիստի ժամանակ, առանց նախագահողի թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելու համար կիրառել նկատողություն։
Մարտի 30-ին նշանակված նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալու համար դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ նույնպես կիրառվեց դատական սանկցիա՝ նկատողություն։
Մինչև ՔՕ 300․1 հոդվածի ՍԴ որոշման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին հարցը քննությանն անցնելը, դատարանը նշեց, որ կանդրադառնա տուժող Տիգրան Աբգարյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված միջնորդությանը։
«Դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ և որևէ այլ հարցի այսօր չի կարողանա անդրադառնալ»,-նշեց նա։
Եգորյանի միջնորդության մեջ նշվում է, որ տուժող Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանը մահացել է։ Նախատեսվում է որպես իրավահաջորդ ներգրավվել տուժողի եղբայր Գևորգ Աբգարյանին։
Դատարանը բավարարեց Եգորյանի միջնորդությունը։ Դատարանը անցավ պաշտպանների միջնորդության քննությանը։