Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 30-ին, շարունակվում է Մարտի 1-ի գործի քննությունը։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիրքորոշում հայտնեց՝ նշելով Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշման մասին։ «ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս օրվանից ՀՀ քրեական օրենսգրքում գոյություն չունի 300․1 հոդվածը։ Շաբաթ օրը, այսինքն, այդ որոշման հաջորդ օրը ես, պարոն Քոչարյանի պաշտպանների հետ միասին, դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկել ենք միջնորդություն, որպեսզի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը պարոն Քոչարյանի նկատմամբ դադարեցվի, այդ մասով քրեական գործով վարույթը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի և դատարանը պարտավորեցնի քրեական հետապնդում իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցել պարոն Քոչարյանից։ Դա եղել է շաբաթ օրը։
Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում։ Հիմա, անկախ նրանից, մենք կհամարենք, որ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը դադարել է գոյություն ունենալ մարտի 26-ին, թե երեկ՝ մարտի 29-ին, այս պահին, փաստացի մեր պաշտպանյալի նկատմամաբ հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում գոյություն չունի։ Դուք հիմա գոնե մեր միջնորդությունը քննարկեք, ավելին՝ դուք այդ միջնորդությունը քննարկելու կարիք չունեք, դուք պիտի հիմա արդեն քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք, քննարկում եք հարց, թե նիստը հետաձգենք մինչև մյուս երեքշաբթի օրը, թե չէ՞։ Դուք պատկերացնում եք ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, դուք ուզում եք, որ ես այդ օրինախախտման անունը կոնկրետ ասեմ, ուզում եք ասեմ, որ արդեն հանցագործության եք մոտենում։ Ես չեմ ուզում դատարանին վիրավորած լինեմ, ոչ թե ձեզ, ձեր հետ խնդիր չէի ունենա, դատարանը չեմ ուզում վիարվորեմ։ Դուք հիմա, փաստորեն, մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որը գոյություն չունի։ Դուք դա լու՞րջ եք պատրաստվում անել։ Դատախազների հետ արդեն համաձայնեցրե՞լ եք, արդեն սցենար եք նախապատրաստել, թե ոնց եք դա անելու՞։ Պատրաստվում եք 7 օր քրեական հետապնդում շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխե՞ն։ Ու դուք պատկերացնում եք, որ դրա տակից կարող եք դուրս գա՞լ»,-ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ընդհատեց ելույթը։ «Դատարանը ստիպված է ընդհատել ձեր ելույթը։ Դուք արդեն դատարանի համար վիրավորական արտահայտություններ եք անում, եթե մյուս պաշտպանները շարունակեն նման ոճով, դատարանը չի թույլատրի ձեզ ելույթ ունենալ»,-ասաց նա։
Նշենք, որ մեղադրող կողմը նոր ծավալուն միջնորդություն է նախապատրաստում, և այդ կապակցությամբ խնդրել է դատարանին այսօրվա նիստը հետաձգել մինչև ապրիլի 6-ը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նիստին ներկա չէ։