Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը:
Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։
Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բացարկի միջնորդությունը քննարկելու համար: Որոշումը կհրապարակվի այսօր 16:45-ին: