Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ միանում են Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ:
Կողմը նշեց, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է և պատճառաբանված:
«Այսպիսի անօրինական որոշումների, դատավարական սխալների արդյունքում բեկանման ենթակա դատական ակտ է դառնալու գործով դատավճիռը: Հիշեցնեմ նաև մեր նկատմամբ թույլ տրված սխալները: Մենք գործի նյութերն էինք պահանջում, Դուք մերժում էիք նշելով, որ դատական քննության ընթացքում կանդրադառնաք դրանց: Դե, հիմա անդրադարձեք այդ գործի նյութերին»,-նշեց կողմը:
Նա նշեց նաև, որ երբ Սերգեյ Եզիազարյանը նիստերի դահլիճում չի լինում, Աննա Դանիբեկյանը նրա հետ երկխոսության մեջ է մտնում ու ներկայացնում է, թե վերջինս հրաժարվում է իր ներկայացուցչից:
Աննա Դանիբեկյանը խնդրեց պարզաբանել, թե նրա մերժված որ միջնորդության մասին է խոսքը, վերջինս նշեց, որ ցանկանում է մնալ իր ոճի մեջ և լինել հակիճ:
Դատավորը հայտարարեց, որ գործի նյութերը պատշաճ տրամադրվել են դատավարության բոլոր մասնակիցներին:
Նշենք, որ տուժողները միացան իրենց ներկայացուցիչների և մեղադրող կողմի դիրքորոշմանը, իսկ 2008 թվականի մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտարարեց, որ Աննա Դանիբեկյանին համարում է «հերոս» դատավոր. «Նարեկ Մութաֆյանը վիրավորել էր մարտի 1-ի զոհերին ու ասել՝ վաճառվում է 2008 թվականի մարտի 1-ի զոհ: Մենք միանում ենք մեղադրող կողմին և Ձեզ համարում եմ հերոս դատավոր»: