Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունների վերաբերյալ իր որոշումները:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր դատարանին վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին և թույլ տալ նրան ժամանակավորապես, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, մեկնել Հայաստանի Հանրապետությունից:
Պատճառը առողջական խնդիրներն ու գործնական հանդիպումն էին, որը պետք է կայանար Ավստրիայում:
Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունները: Արմեն Գևորգյանը չի կարողանա լքել Հայաստանը:
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։