Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, հրապարակել է հերթական զեկույցը Գնահատման չորրորդ փուլի շրջանակում արված առաջարկությունների կատարման վերաբերյալ:
Զեկույցի եզրակացությունների բաժնում, 78-րդ կետում, անդրադարձ է կատարվում դատական համակարգին, որում նշվում է․
«Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա արդարադատության նախարարի դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում չի դադարեցվել, և ներկայիս իրավիճակը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ:
Դատավորների աշխատանքի ընդունման և առաջխաղացման վերաբերյալ որոշումների համար առկա են բողոքարկման ճիշտ մեխանիզմներ, սակայն դրանք չկան ազատման որոշումների համար․․․»:
Այնինչ, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 30-ին, կառավարության հերթական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին, նշել էր․
«Ես շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու, շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից խախտումների նկատմամբ և դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցներ, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորն ինչ սխալ է թույլ տալիս՝ դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցվեն»։
Նա պատասխանեց նաև վեթինգի վերաբերյալ հարցին։ «Վեթինգի համար կա երկու ճանապարհ․ կարգապահական վարույթները, որոնցով, էլի եմ ասում, մենք հատկապես շատացնում ենք և՛ ուշադրությունը, և՛ քանակները, բայց դա միակողմանի գործողություն չէ։ Ես ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթինգի և համակարգը մաքրելու մասին, իրենք են հենց այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած, որպես պետական մարմին, և մեր համագործակցությունը, այսինքն՝ ես վարույթները հարուցեմ, իրենք քննեն գործերը և արդար որոշումներ կայացնեն, շատ շուտով մենք կարող ենք ունենալ վեթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ։ Դրանք սկսվել են, բայց կշարունակվեն»,-ասաց նախարարը։
Ստացվում է, որ ըստ GRECO-ի զեկույցում արված եզրակացության, արդարադատության նախարարի կողմից կարագապահական վարույթների հարցումը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ։