Հայաստանի դատական համակարգում հարուցվել է մարդասպանության մի գործ, որը ցնցել է Գեղարքունիքի մարզը: Գործում որպես մեղադրյալ հանդես է գալիս Ն.Ն-ն, ում մեղադրանք է առաջադրվել ազգությամբ հնդիկ զուգընկերոջը՝ Տ.Ա-ին սպանելու համար: Այս մասին հաղորդում է Iravaban.net-ը հղում կատարելով Դատական տեղեկատվական համակարգին։
Դեպքի նկարագրությունը
Համաձայն դատական գործի փաստաթղթերի, 2025 թվականի փետրվարի 12-ին Սևանի Լ. բնակավայրում տեղի է ունեցել սպանություն: Մեղադրյալ Ն.Ն-ն մեղադրվում է իր զուգընկերոջը՝ Տ.Ա-ին կյանքից զրկելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ վիճաբանության ընթացքում Ն.Ն-ն բնակարանի պահեստարանից բերել է ծծմբաթթու պարունակող տարա և լցրել զոհի մարմնի վրա:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Տ.Ա-ի մահը վրա է հասել ծծմբական թթվի ազդեցությամբ ստացած այրվածքային շոկից: Զոհի մարմնի մոտ 85 տոկոսը ծածկվել է 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի քիմիական այրվածքներով:
Մեղադրյալի պնդումները
Ն.Ն-ն դատաքննության ընթացքում իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել: Համաձայն նրա ցուցմունքի, Տ.Ա-ի հետ նա ունեցել է վեճ, որի ընթացքում Տ.Ա-ն ենթադրաբար բռնություն է գործադրել նրա նկատմամբ և հարկադրել սեռական հարաբերության:
Ն.Ն-ն պնդել է, որ Տ.Ա-ն իրեն ծեծի է ենթարկել, փորձել է ստիպել որպեսզի սեռական բնույթի գործողություններ կատարի և սպառնացել է, որ կսպանի իրեն: Նա պնդում է, որ ծծմբական թթուն լցրել է ինքնապաշտպանության նպատակով:
Սակայն, նախաքննության և դատաքննության ընթացքում Ն.Ն-ի ցուցմունքներում հայտնաբերվել են մի շարք հակասություններ: Դատաքննության ընթացքում նա փոխել է իր ցուցմունքը մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ դեպքի վայրում իր դստեր՝ Վ.Հ-ի ներկայության մասին:
Վկաների ցուցմունքները
Գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ մեղադրյալի երեխաները և հարևանները: Մեղադրյալի որդու՝ Ն.Ն-ի ցուցմունքի համաձայն, դեպքի օրը նրա քույրը՝ Վ.Հ-ն արթնացրել է իրեն և հայտնել, որ Տ.Ա-ն ծեծի է ենթարկում մորը: Երկու երեխաները միասին ուղևորվել են Սևան:
Ն.Ն-ի ցուցմունքի համաձայն, երբ նա հասել է բնակարան, տեսել է Տ.Ա-ին անշարժացած, միջանցքի հատակին ընկած վիճակում, մինչդեռ մայրը անդադար գոռում էր և նշում, որ չի ուզել նման բան անել:
Վ.Հ-ի ցուցմունքը, սակայն, տարբերվում է: Նա պնդել է, որ ինքն է առաջինը մտել բնակարան, տեսել է, որ Տ.Ա-ն ծեծի է ենթարկում մորը, փորձել է միջամտել, սակայն Տ.Ա-ն հարվածել է իրեն: Այնուհետև մայրը դուրս է եկել սենյակից, վերադարձել տարայի հետ և ծծմբական թթուն լցրել Տ.Ա-ի վրա:
Դատական ընթացքը
2025 թվականի փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ն.Ն-ի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով, իսկ հունիսի 4-ին՝ ևս երեք ամսով:
Օգոստոսի 13-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ՝ ճանաչելով Ն.Ն-ին մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով՝ զուգընկերոջ սպանության մեջ:
Օգոստոսի 26-ին հրապարակված դատավճռով Ն.Ն-ն դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը, դատավճիռը կայացնելիս, հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանք՝ այն, որ հանցանքը կատարվել է տուժողի հակաիրավական վարքագծի ազդեցության տակ:
Պաշտպանական կողմի բողոքը
Հունիսի 19-ին պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 4-ի որոշման դեմ, որով երկարաձգվել էր մեղադրյալի կալանքի ժամկետը:
Պաշտպանական կողմի հիմնական փաստարկն այն էր, որ մեղադրյալը տառապում է Մ. հիվանդությամբ, որը, ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման համաձայն, համարվում է խափանման միջոց կալանքը և պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Պաշտպանը պնդել է, որ Ն.Ն-ի նկատմամբ պետք է կիրառվի այլընտրանքային խափանման միջոց, օրինակ՝ տնային կալանք և բացակայելու արգելք:
Վերաքննիչ դատարանի որոշումը
Վերաքննիչ դատարանը, քննելով բողոքը, մերժել է այն՝ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ: Դատարանը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է՝ հաշվի առնելով մեղադրանքի ծանրությունը, հանցանքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև այն, որ մեղադրյալը կարող է փորձել թաքնվել կամ խոչընդոտել դատաքննությանը:
Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ Մ. հիվանդության առկայությունն ինքնին բավարար չէ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու համար և որ «այս փուլում նման հիվանդության պարագայում ևս չի նվազում մեղադրյալի կողմից փախուստի դիմելու և ապացույցների հավաքման գործընթացին խոչընդոտելու ռիսկերը»:
Հոգեբանական և բժշկական տվյալներ
Դատահոգեբանական փորձաքննությունը հայտնաբերել է, որ Ն.Ն-ն տառապում է «Անձի և վարքի օրգանական խանգարում՝ գլխուղեղի դիսֆունկցիայի հետևանքով առանց փսիխոտիկ ներառումների» հիվանդությամբ: Սակայն փորձաքննությունը նշել է, որ այս հիվանդությունն այն աստիճանի արտահայտված չէ, որ զրկեր նրան գիտակցել իր գործողությունների բնույթը և ղեկավարել դրանք:
Դատարանը, հաշվի առնելով հոգեբանական խանգարումը, որոշել է Ն.Ն-ի նկատմամբ նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Պատճառված վնասը
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Տ.Ա-ի մահը վրա է հասել՝ այրվածքային շոկից, մարմնի ընդհանուր մակերեսի մոտ՝ 85 տոկոսի չափով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ուտիչ ազդեցություն ունեցող քիմիական միացությամբ-ծծմբական թթվով՝ քիմիական այրվածքներ ստանալուց զարգացած՝ այրվածքային հիվանդության հետևանքով:
Ն.Ն-ն նույնպես ստացել է վնասվածքներ, որոնք, համաձայն դատաբժշկական փորձաքննության, ներառել են արյունազեղումներ, քերծվածքներ և ծծմբական թթվից առաջացած այրվածքային վնասվածքներ: Նրա վնասվածքները դասակարգվել են որպես առողջությանը պատճառած թեթև վնաս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: