«Թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի». Թագուհի Թովմասյանը հերքման և 9 միլիոն դրամի փոխհատուցման պահանջով հայց է ներկայացրել Արթուր Հովհաննիսյանի դեմ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։

Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ սեպտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան  և մակագրվել դատավոր Աննա Շիլաջյանին։

Ըստ հայցադիմումի՝ Թագուհի Թովմասյանը դատարանից պահանջում է.

  1. Պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել «24 ՆՅՈՒԶ» և «5TV CHANNEL» լրատվական կայքերի միջոցով՝ հետևյալ արտահայտությունների համար.
    • Թովմասյանին «անբարո» անվանելու
    • «Թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, ու կհասկանանք չորս հատ տունը իրեն որտեղից» արտահայտության
    • «Կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ՝ իրա սեռային պատկանելիության» արտահայտության համար
  2. Պարտավորեցնել հերքելու Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն համարվող այն փաստացի տվյալները, թե նա «Հյուսիսային պողոտայում 4 հատ տուն է գնել՝ լինելով հասարակ լրագրող»
  3. Բռնագանձել ընդհանուր 9 միլիոն ՀՀ դրամ, որից՝
    • 3 միլիոն դրամը՝ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում
    • 6 միլիոն դրամը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում

Համաձայն հայցադիմումի՝ Արթուր Հովհաննիսյանը, որը հանդիսանում է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր և «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և զրպարտչական հայտարարություններ արել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին:

Թագուհի Թովմասյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Լուիզա Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել