Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացները 2026 թվականի հունվարի 1-ից կանցնեն ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափի։ Դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության նոր գործերի էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Հերթագրման կուտակումներից խուսափելու համար 2025 թվականի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է համակարգը՝ https://mcs-citizenship.am։
Դիմողները հոկտեմբերի 6-ից կարող են․
- առցանց գրանցվել հարթակում,
- ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ,
- ամրագրել ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թ. հունվարի 22-ը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ օգտագործելով նույնականացման քարտ և mID էլեկտրոնային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականները և քաղաքացիություն չունեցող անձինք կգրանցվեն խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ՝ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճեն։
Դիմումատուները պետք է վճարեն պետական տուրքը՝ ընտրված այցելության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, հակառակ դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Այցելության օրը ներկայացվում են բնօրինակ փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հայոց լեզվի և Սահմանադրության թեստ։
ՆԳՆ-ն հորդորում է օգտվել առցանց հերթագրման հնարավորությունից՝ ապահովելու հարմարավետ և որակյալ սպասարկում։