Սրբուհի Գալյանը և Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է  Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկացնում  է  ՀՀ արդարադատության նախարարությունից:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի ռազմավարություններն ու ոլորտային առաջնահերթությունները: Անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված աշխատանքներին:

Հայաստանում կիրառվում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմը, գործում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը:

Նախարարությունը մշակել է նախագիծ, որը միտված է գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպմանը:

Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստակամ են կիսվելու իրենց երկրում դատաիրավական և արդարադատության ոլորտի առաջադեմ փորձով:

Նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների օրակարգն ու այս համատեքստում նախարարության կողմից իրականացվող քայլերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող աշխատանքներն ու ոլորտը լավարկելուն միտված հնարավոր քայլերը:

Կողմերը պատրաստակամություն են  հայտնել զարգացնելու և խորացնելու համագործակցությունն արդարադատության ոլորտում, հատկապես դատական համակարգի անկախության, արդար դատաքննության և դատական կառավարման լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։

Նախարարը շնորհակալություն է  հայտնել կանադական կողմին՝ համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար, ընդգծելով նման փոխայցելությունների կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել