Lufhthansa-ի չվերթի ուղևորները, այդ թվում երեխաների հետ, ստիպված են եղել գիշերել «լեժանկաների» վրա` օդանավակայանում. նրանցից մեկն ահազանգում է

Ավելի վաղ հայտնել էինք, որ Lufhthansa ավիաընկերության կողմից իրականացվող Ֆրանկֆուրտ-Երևան չվերթը հետաձգվել է ավելի քան 1 օրով։ Ուղևորներից մեկն ահազանգել է՝ ասելով, որ այդ պահին հայտնվել են շատ բարդ իրադրության մեջ։ Ուղղությունը պետք է լիներ Վիլնյուսից Ֆրանկֆուրտ, Ֆրանկֆուրտից՝ Երևան։

Հունիսի 26-ի գիշերը փորձ է արվել Ֆրանկֆուրտից Երևան գալ, ինքնաթիռը հանել են օդ, մեկուկես ժամ պտտվել է օդում, վերադարձել են նույն օդանավակայան՝ ասելով, որ չվերթն այս պահին չեղարկվում է։

Ահազանգողը՝ Ալլա Զ․-ն, Iravaban.net-ի հետ զրույցում պատմել է՝ ինչ է տեղի ունեցել օդանավակայանում։

Նա, մասնավորապես, հայտնեց հետևյալը․ «Ուշացում է եղել, մեր գեյթով Լոնդոն թռչող ինքնաթիռը գնաց, ուղիղ 2 ժամ մեր ինքնաթիռը տեղում պտտվեց, պտտվեց, դրանից հետո՝ ժամը 00։00-ին, մեզ ասացին՝ հանում են ինքնաթիռից, ու թռիչք չի լինելու։ Մենք դուրս եկանք, օդանավակայանում ամեն ինչ փակ էր, ուղղակի մնացինք այնտեղ, երկարատև կռվից հետո մեզ ինչ-որ «լեժանկաներ» տվեցին, և ասեցին, որ էս ա»։

Մեր զրուցակիցը նշեց, որ դրանից հետո փորձել է լուծել նաև փոխհատուցման հետ կապված խնդիրը՝ չկայացած չվերթի համար, որը կազմել է շուրջ 400 եվրո, որին ի պատասխան ասել են՝ դուք չեք գնացել հյուրանոց, հյուրանոցի անդորրագրերը տվեք, մենք էլ կվերադարձնենք այդ գումարը։

Հյուրանոցում մնալու մասով ասել են՝ չեն կարող տրամադրել, որովհետև Եվրո 2024-ի խաղերի պատճառով հյուրանոցների բոլոր համարները զբաղված են։

Մարդիկ 24 ժամ չեն կարողացել ոչինչ անել, նրանցից շատերը երեխաների հետ են եղել, ու նաև կային մարդիկ, որոնց վիզաների ժամկետները հենց այդ օրն էր լրանում։

Մայնի Ֆրանկֆուրտից Երևան հետաձգված չվերթը, նախնական տվյալներով, կլինի հունիսի 28-ին։

Նրա խոսքով՝ ուղևորներին ասել են՝ եղանակային պայմաններից ելնելով չի կայացել չվերթը, բայց դրանից կես ժամ առաջ օդանավ է թռչել դեպի Երևան։ Հավելեց նաև, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները կոպիտ են եղել չվերթի ուղևորների հետ։

Լրացված․ ուղևորներին հայտնել են, որ պետք է կրկին 40 րոպե սպասեն, թռիչքը կլինի Երևանի ժամանակով հունիսի 28-ին՝ 00։10։

Լրացված․ Ինքնաթիռը հունիսի 28-ի գիշերը ուղևորներին տեղափոխել է Երևան։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել