ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված գումարների փոխանցումը կրթական հիմնադրամին և մարզպետի աշխատակազմին: Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Մասնավորապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի, ընկերության և կրթական հիմնադրամի միջև 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ մարզի բնակչությանը համակարգչային շերտագրման միջոցով մատուցվել են ախտորոշիչ բժշկական ծառայություններ:
Ըստ պայմանագրի՝ օրական 9-ից ավելի համակարգչային շերտագրման հետազոտությունից գոյացած հասույթի մնացած 50%-ը պետք է հատկացվեր հիմնադրամին, 30%-ը՝ մարզպետի աշխատակազմին՝ մարզի առողջապահական համակարգի խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2018 թվականից սկսած կրթական հիմնադրամին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին չի փոխանցել 91 մլն 49 հզր 534 ՀՀ դրամ գումար, ինչը վերականգնվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։