Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Ազգային ժողովից։
Նախագծի նպատակն է՝
- խթանել կրթության և գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումները,
- ամրապնդել կրթություն-բիզնես կապը,
- խրախուսել պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունները։
Առաջարկվող փոփոխություններով շահութահարկ վճարողներն հնարավորություն կունենան իրենց համախառն եկամտից մինչև 2.5% նվազեցնել այն գումարը, որը նրանք նվիրաբերում են պետական հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին, ինչպես նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններին։ Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների դեպքում։
Նվիրատվությունները կարող են լինել՝ դրամական կամ գույքային տեսքով։
Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է՝
- բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կհատկացվեն կրթական հաստատությունների կարիքների բավարարմանը,
- կստեղծվի կրթություն-բիզնես ամուր կապ, որը կաջակցի կադրերի պատրաստմանը և հետազոտությունների իրականացմանը։
ԲՈՒՀ-երի և խոշոր ու միջին բիզնեսների շրջանում անցկացված հարցումների հիման վրա կանխատեսվում է, որ նվիրատվությունների ծավալը կավելանա միջինում 25%-ով։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Ալեքսանդր Ավետիսյանը։