2018 թվականից մինչ այսօր նշված գործով ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չի տվել Դավիթ Համբարձումյանի դեմ․ փաստաբան

Քրեական գործը 2018 թվականին հարուցված գործն է՝ կապված այդ տարվա ապրիլին Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ «զինված խուլիգանություն»։  Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից։ Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում Դավիթ Համբարձումյանին ներկայացված մեղադրանքի վերբերյալ։

«Նա կալանավորվել էր, ապա 2018 թվականի աշնանը կիրառվել էր գրավ։ Գործը 6 տարի՝  2019-ից սկսած, դատարաններում էր և այսօր ունեցավ իր այսպես ասած՝ ավարտը»,- ասաց Աթանեսյանը։

Փաստաբանը շեշտեց՝ այս ամբողջ ընթացքում նշված գործով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չի տվել Համբարձումյանի դեմ․

«Բայց դա չխանգարեց դատավորին՝ կայացնել մեղադրական վերդիկտ»։

Աթանեսյանը նշեց նաև՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այս դեպքով կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանքը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել