«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կոշտացնել պատժամիջոցները ցեղասպանության հերքման վերաբերյալ հրապարակային հայտարարությունների համար

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է փոփոխել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Ազգային ժողովից։

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հիմք է հանդիսացել փաստացի վիճակագրական տեղեկատվությունը, ըստ որի՝ այս հոդվածով երբևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել, թեև բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ հրապարակային հայտարարություններ են հնչել Հայոց ցեղասպանության հերքման, արդարացման կամ մեղմման ուղղությամբ։ Օրինագծի ներկայացման մյուս պատճառն այն է, որ այդպիսի հայտարարությունների հեղինակների նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ՀՀ կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանություններին և միջազգային ճանաչում ունեցող ցեղասպանություններին։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ընդգծել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը արդեն նախատեսում է ներկայացված արարքի քրեականացումը, և հորդորել է պատգամավորներին դեմ քվեարկել։

Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը ներկայացրել է 136-րդ հոդվածի գործող կարգավորումները, նշել, որ նախագծի հիմնական տարբերությունը այն է, որ առաջարկվում է քրեականացնել առանց կոնկրետ նպատակի բանավոր խոսքը, որը միտված է ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հերքելուն, նսեմացնելուն կամ մեղմելուն։ Առաջարկվող էական փոփոխությունը նաև այն է, որ Հայոց ցեղասպանությունը առանձնացվում է այլ ճանաչված ցեղասպանություններից։

Փոխնախարարը հավելել է, որ այս հանցագործությունները անմիջականորեն հարաբերակցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, այն է՝ արտահայտվելու ազատության իրավունքի հետ, և քրեական պատասխանատվության սպառնալիքով պետք է արգելվեն միայն այն արարքները, որոնք ներկայացնում են մեծ և իրական հանրային վտանգ։

Հարցի առնչությամբ ելույթներ են ունեցել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչներ։ Ընդդիմությունը ընդգծել է, որ օրվա իշխանությունների քաղաքականության մեջ նկատվում են գործողություններ, որոնք նպատակ ունեն ցեղասպանության հետևանքները նսեմացնելուն, մինչդեռ իշխող ուժի պատգամավորները պնդել են, որ ընդդիմությունը երթական կեղծ օրակարգ է շրջանառում, և նրա գործունեությունը հաճախ մանիպուլյացիա կամ գուշակություն է։

Եզրափակիչ ելույթներում հնչած տեսակետներին անդրադարձ են կատարել հիմնական և հարակից զեկուցողները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել