Սույն թվականի սեպտեմբերի 30-ին, Ազգային ժողովում քննարկվեց «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որի հեղինակը Կառավարությունն է։ Նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Ազգային ժողովից։
Սահակյանի խոսքով՝ նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ։ Այն նպատակ ունի թվայնացնել մաքսային վճարների հաշվառման և մարման ընթացակարգերը, բարձրացնել մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրման մակարդակը և ապահովել գործառնությունների արդյունավետությունը։
Նշվել է, որ համակարգի ներդրմամբ ակնկալվում է տնտեսավարողների համար նվազեցնել մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները, ավտոմատացնել պարտավորությունների վճարումները, նվազեցնել ուշացումների ռիսկերը և մեծացնել ավտոմատ բացթողնման ծավալը։ Փոփոխություններով նախատեսվում է պարտավորությունների հաշվառումն իրականացնել ոչ միայն ըստ հարկատեսակների, այլև ըստ մաքսային հայտարարագրերի։
Գործող կարգավորումներով տնտեսավարողները վճարումներ են կատարում շուրջ 40 տարբեր գանձապետական հաշիվների, ինչի արդյունքում հաճախ առաջանում են սխալ փոխանցումներ և միջնորդավճարների հետ կապված խնդիրներ։ Նախագծով առաջարկվում է ստեղծել մեկ միասնական հաշիվ, որի միջոցով պարտավորությունների մարումները կիրականացվեն ավտոմատ եղանակով։
Բացի այդ, նախատեսվում է նաև գերավճարների հետստացման գործընթացի թվայնացում։ Եթե ներկայում տնտեսավարողները դիմում են ներկայացնում թղթային տարբերակով, ապա փոփոխություններից հետո հնարավոր կլինի դիմել էլեկտրոնային եղանակով։
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը, ով հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ կարևորեց նախագծի ընդունումը և կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել։