Սեպտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երկու տղամարդ Էջմիածին քաղաքում գտնվող խանութներից կատարել են գողություններ:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք սեպտեմբերի 10-ին, գնումներ կատարելու պատրվակով, մտել են Էջմիածնի Սոս Մանուկյան փողոցում գտնվող սուպերմարկետ և հափշտակել մոտ 150 հազար դրամի ապրանք, իսկ այս դեպքից էլ րոպեներ անց տղամարդիկ մտել էին արդեն Էջմիածնի Բաղրամյան փողոցի սուպերմարկետ և նույն կերպ հափշտակել 50 հազար դրամի ապրանք: Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։
Սեպտեմբերի 18-ին` ժամը 8.30-ին, երևանցի 47-ամյա տղամարդը ձերբակալվեց Նորքի իր տանը, իսկ Նոր Նորքի բնակիչ 45-ամյա տղամարդը` ժամը 9.25-ին` մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում:
Կազմված փաստաթղթերի հետ երկուսն էլ ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներով բացահայտվեցին նաև նրանց կատարած այլ հափշտակություններ` դարձյալ Էջմիածնում, մասնավորապես՝ հափշտակել էին մի քանի հարյուր հազար դրամի էլեկտրական գործիքներ ու դետալներ:
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենքներով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։