«Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը չի անդրադարձել, թե քրեական դատավարության որ նորմերին է հղում կատարելով քրեական հետապնդումը դադարեցնում։
Նա նշեց, որ չի կարող ասել՝ դատարանը որևէ հղում կատարել է ՍԴ դատարան դիմելու վերաբերյալ դատախազության առարկություններին։
«Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության լիազորությունների իրականացման, թե դատարանի կողմից տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից։ Բոլոր հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ դատական ակտը ստանալուց հետո»,-նշեց Պետրոսյանը։
Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնոդրությունը մերժել։
Սեյրան Օհանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին՝ վերացնել։ Սեյրան Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը՝ վերացնել։
Յուրի Խաչատուրովի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը՝ վերացնել, գումարը վերադարձնել։ Յուրի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը՝ վերացնել։
Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300․1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի 1-ին մասով և Արմեն Գևորգյանին 38-300․1 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը՝ կարճել։
Քրեական հետապնդման մարմիններին Ռոբերտ Քոչարյանից, Սեյրան Օհանյանից, Յուրի Խաչատուրովից և Արմեն Գրգորյանից գրավոր ներողություն հայցելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունները՝ մերժել։ Տուժող Արթուր Ավագյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության»։
Մանրամասները՝ տեսանյութում։