Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյանի և ընկերներ»-ի գործով նիստին պաշտպանական կողմը միջնորդեց վերսկսել դատաքննությունը:
Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը իր միջնորդության մեջ նշեց, որ դատաքննության ավարտին պաշտպանական կողմի մոտ հայտնվել է մի տեսաերիզ, որը կարևոր նշանակություն ունի գործի համար: Դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ ասելով, որ պաշտպանը մանրամասներ չի ներկայացրել տեսանյութի վերաբերյալ: Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ տեսանյութը վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Շանթ Հարությունյանը և ընկերները պետք է դատապարտվեն:
Այնուհետև պաշտպանը միջնորդեց դատքննությունը վերսկսելով հարցաքննության հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պաշտպանական կողմը չառարկեց: Պաշտպան Արա Զոհրաբյանը նշեց. «Պարոն նախագահը, միգուցե տիրապետում է մի շարք հանգամանքների, որը կարևոր է դատաքննության վերսկսման համար: Նախագահի գործողություններում առկա են պաշտոնական դիրքի չարաշահում: Միգուցե նա ներկա է եղել դեպքի վայրում ու տեսել է որևէ բան»:
Այս միջնորդությունը դատարանը մերժեց, նշելով, որ այն գործին չի առնչվում ու նշանակություն չունի դատարանի համար: