Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօր ցուցմունք տվեցին 21 վկաներ. վերջիններս ոստիկաններ էին:
Նրանց ցուցմունքները միմյանցից գրեթե չէին տարբերվում: Բոլոր ականատես վկաները պնդեցին, որ նոյեմբերի 5-ին տեսել են, որ ակտիվիստները ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանի` նշելով, թե ոստիկան ա, ծեծե՛ք:
Բայց նրանցից որևէ մեկը չնշեց, թե ո՞վ էր այդ քաղաքացիական հագուստով ոստիկանը:
Ոստիկան վկաները դատավարության մասնակիցների կողմից հնչեցվող որոշ հարցերի չէին պատասխանում` պատճառաբանելով, որ չեն հիշում:
Վկա Արտակ Ավետիսյանի ցուցմունքը` քաղաքացիական հագուստով ոստիկանի հետ կապված, բարկացրեց Շանթ Հարությունյանին. «Դուք կարողա ձեզ ձեր երազած տղու տեղն եք դրել: Չեք հիշում, որ ես ասում էի թողե՛ք, թող տանեն»: Ոստիկանն ի պատասխան ասաց` չեմ լսել:
Այնուհետև փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց` պահանջելով դատարան բերել հեռուստացույցը և ցուցադրել դեպքի տեսագրությունները, որպեսզի վկան մատնանշի, թե դեպքի վայրում որտե՞ղ է կոնկրետ եղել, քանի որ վկան հստակ չի կարողանում հիշել:
Մյուս պաշտպանները ևս միացան ներկայացված միջնորդությանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ներկայացված միջնորդությունը` վկայակոչելով այն հանգամանքը, որ գործում առկա տեսանյութը դատաքննության ժամանակ պատշաճ կերպով հետազոտվել է, ինչպես նաև փոխանցվել դատավարության մասնակիցներին:
Արտակ Ավետիսյանի ցուցմունքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Արև Ավագյան