Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հարցաքննվեցին տուժող ոստիկանները:
Առաջինը ոստիկան Ազիզ Միրզոյանն էր:
Վերջինս դատարանին հայտնեց, որ նախքան նոյեմբերի 5-ը ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչել, միայն դեպքից մի քանի օր առաջ Օպերայի հարակից հարթակում տեսել է Շանթ Հարությունյանին. «Էս ա եղել իմ ծանոթանալը»,- մեկնաբանեց ոստիկանը:
Նրա խոսքով`Օպերայի տարածքում ծառայություն է կատարել, երբ տեսել է մի քանի հոգի հավաքված են մոտակա աստիճանահարթակի վրա: Շրջել է տարածքում` հասնելով մինչև Օպերայի մոտ գտնվող ցայտաղբյուրը. «Ժողովրդից լսել էի, որ երթ պետք է լինի, սպասում էի: Չհասած Պրոսպեկտի մայթի մոտ, ես հետևի մասում էի երթի, կոչեր եմ լսել, որ հանկարծ փողոց դուրս չգաք: Վազելով գնացել եմ, որ չթողեմ փողոց դուրս գան, էդ պահին պայթյուններ ա եղել, որից հետո մի քանի վայրկյան անտեսանելի մուխ ա եղել: Էդ մուխից արցունք ա լցվել աչքերս, բայց չեմ կարա ասեմ ինչքան: Հենց աչքերս բացեցի տեսա էդ խառնաշփոթը»:
Ոստիկանը ուշքի գալով փորձել է օգնություն ցուցաբերել, հանդարտեցնել իրավիճակը:
Այս տուժողին դատավարության կողմերը հարցեր չտվեցին:
Ոստիկան Ռազմիկ Խառատյանը, հիշելով դեպքի մանրամասները, պատմեց, որ ինքը նոյեմբերի 5-ին ժամը 16:00-ից ծառայություն է իրականացրել Օպերայի տարածքում, ինչպես նաև իմացել է, որ այնտեղ հավաքված ակտիվիստները երթի են պատրաստվում, բայց թե ի՞նչ ուղղությամբ` չի իմացել:
«Օպերայի ծառայողական մուտքի ցայտաղբյուրի մոտ էի: Լսեցի ոստիկանների հորդորները, որ բոլորը պետք է դուրս գան դեպի մայթ ու հենց այդ ժամանակ լսեցի հայհոյանքներ, ծուխ տեսա ու շտապեցի դեպքի վայրը»,- ցուցմունքն ավարտեց ոստիկանը:
Պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս նշեց, որ ակտիվիստների ձեռքին փայտեր է նկատել, որոնցով նրանք հարվածում էին ոստիկաններին և չէին կատարում ոստիկանի օրինական պահանջները:
Արա Զաքարյանի այն հարցին, թե ի՞նչ օրինական պահանջ էր և ո՞վ չէր կատարում, ոստիկանը պատասխանեց. «Ոստիկանի օրինական պահանջն էն էր, որ երթի մասնակիցները փողոցից բարձրանային դեպի մայթ: Համապատասխան օրենքում գոյություն ունի հատուկ կետ` հասարական վայրերը ոչ նպատակին օգտագործելը»:
Այն հարցին, թե ինչի՞ համար եք տուժող ճանաչվել, ոստիկանն այսպես պատասխանեց.
«Պայթյունների ժամանակ առաջացած ծխից աչքերս մրմռացել են, որից հետո լվացվել եմ ու մրմուռն անցել ա»:
Ոստիկանը ակտիվիստներից երկու անձնաց է բերման ենթարկել, բայց անունները չի հիշում:
Ոստիկանը նաև դատարանին հայտնեց, որ ակտիվիստները քաղաքացիական հագուստով մեկին էին ծեծում, ով ոստիկան էր:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանի հարցին, թե ինչպե՞ս իմացաք, որ ոստիկան է` պատասխանեց. «Ասում էին միլիցա ա, խբե՛ք: Ակտիվիստներից եմ լսել, բայց թե ումի՞ց չեմ կարող հիշել: Մեկ տարի ա անցել»:
Վարդան Վարդանյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպե՞ս է, որ 5 մետր հեռավորության վրա գտնվող կամերաները չեն արձանագրել ոստիկանների հորդորը, իսկ Խառատյանը 25 մետր հեռավորությունից լսել է, ասաց. «Ընդհանուր հորդորներ եմ լսել: Էդ կամերայի խնդիրն ա:»
Մի քանի հարցերի տուժող ոստիկանը չպատասխանեց` պատճառաբանելով, որ արդեն մեկ տարի է անցել և ինքը չի հիշում:
Տուժող Հարություն Գրիգորյանը պատրաստվում էր տուն գնալ, երբ զանգել է դասակի հրամանատարը և կանչել Օպերայի տարածք: Ինքը երթուղայինի մեջ է եղել, երբ տեսել է, թե ինչպե՞ս են քաղաքացիները փորձում դուրս գալ փողոց` չենթարկվելով ոստիկաններին. «Խառնաշոթ էր, ես արագ մոտեցա, որ օգնեմ: Էդ ժամանակ պայթյուն եղավ ոտքերիս մոտ: Շալվարիս փողքերն էին այրվել, հալվել էր էլի մի տեսակ, կոշիկներս: Մի քանի հարված եմ մեջքիս կողմից ստացել` ականջիս մոտ: Երբ շատ ոստիկաններ եկան, քաղաքացիներին բերման ենթարկեցին, իրավիճակը հանդարտվեց»:
Արթուր Վարդկեսյանը նոր մանրամասներ գրեթե չհայտնեց: Նա ևս պատմեց քաղաքացիական հագուստով ոստիկանի մասին, ում ակտիվիստները ծեծել են. «Ասում էին միլիցա ա, խբե՛ք: Ես մոտեցա, որ օգնեմ, տեսա գլուխն արյունոտ ա»:
Հաջորդ տուժողը Ազատ Հովսեփյանն էր: Նրա խոսքով` Շանթ Հարությունյանը փայտով հարվածել է իր մեջքին, սակայն Վալերի Օսիպյանը միջամտել է և չի թողել շարունակի հարվածել:
Հայտնեց նաև, որ Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին հենց ինքն է բերման ենթարկել:
Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը ոստիկանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է Շահեն Հարությունյանի գրպանի լուսանկարչական ապարատը: «Ես չեմ տեսել տենց բան»,- ասաց ոստիկանը: «Մեքենայում ծեծե՞լ եք երեխուն»,- հարցրեց ամբաստանյալը, ի պատասխան ոստիկանն ասաց՝ ոչ:
Ոստիկան Արա Մարտիրոսյանը ևս պատմեց այն, ինչ նախորդ տուժող ոստիկանները: Դեպքի մասին նոր մանրամասներ չհայտնեց:
Ոստիկանների ցուցմունքներից հետո հայտարարություններով հանդես եկան ամբաստանյալները:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 1-ին:
Արև Ավագյան